Լրահոս

25.11.2014 20:54


Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանի եւ ԱՊՀ առաջատար լրատվականների ղեկավարներին

Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանի եւ ԱՊՀ առաջատար լրատվականների ղեկավարներին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով: Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչներն այսօր Երևանում անցկացնում են իրենց հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստերը:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև հերթական նիստերը Երևանում անցկացնելու նրանց որոշումը: Սերժ Սարգսյանը կարևորել է նման հանդիպումները տեղեկատվական ոլորտում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Ողջույնի խոսքում նա հույս է հայտնել, որ առավել կամրապնդվեն ու կխորանան նաև «Արմենպրես» պետական գործակալության և Սևծովյան տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների բարձր մակարդակի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները: Ընդգծելով, որ աշխարհում սրընթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և այդ թռիչքային զարգացումը բերում է տեղեկատվության ծավալի ու հասանելիության բարձրացման, նա դա համարել է մի կողմից մարտահրավեր, մյուս կողմից՝ մեծ հնարավորություն: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում խոսել է նաև մամուլի ազատության մասին՝ նշելով, որ Հայաստանում հավատում են, որ մամուլի ազատությունն ու տեղեկատվության հասանելիությունը ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հենասյուներն են, և ղեկավարվելով այդ սկզբունքով՝ հնարավորություններ են ստեղծվում ազատ մամուլի լիարժեք դրսևորման համար: Նրա խոսքով, այդ ուղղությամբ Հայաստանում որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչն արձանագրում են նաև միջազգային հեղինակավոր կառույցները:

Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև լրատվական գործակալությունների ղեկավարներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի տնտեսությանը, ինտեգրացիոն գործընթացներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին, առանձին երկրների հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը