Մեկնաբանություն

26.11.2014 16:10


Շավարշ Քոչարյանը «քաշեց» Բաղրամյան 26–ին

Շավարշ Քոչարյանը «քաշեց» Բաղրամյան 26–ին

Արտաքին գործերի փոխնախարար աշխատող Շավարշ Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3ից հետո պետք է նախկին փոխնախարար դառնար՝ հրաժարական ներկայացնելով։ Բայց դե, նա հո հարի՞ֆ չէ, որ «կակոյ նիբուծ» արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձից հետո հրաժարական տա։ Բա ո՞ւմ թողնի պետության հաշվին ապրելը, շրջագայելը, կաբինետը, «պադավատը» և այլ հարմարությունները։

Ի՞նչ է պատահել, որ։ Երեկ նա քարոզում էր ԵՄ–ի հետ ասոցացում և հաթաթա տալիս Ռուսաստանին, իսկ այսօր ԵՏՄ–ի հետ ինտեգրվելու մոլի պաշտպան է։ Սերժ Սարգսյանը հրաժարական տալի՞ս է, որ Շավարշը տա։

Սա՝ իմիջիայլոց։

Նախկին ընդդիմադիր գործչին այլ պատճառով ենք հիշել։

Շ. Քոչարյանն այնքան է մխրճվել արտաքին քաղաքականության, Ս. Սարգսյանի «նախաձեռնողականության» և իրարամերժ ինտեգրացիոն նախագծերի մեջ, որ լրիվ բաց է թողել ներքին քաղաքականությունն ու ակամայից դուրս եկել Բաղրամյան 26–ի դեմ։ Ավելի ճիշտ, իշխանական քարոզչամեքենայի դեմ՝ չհասկանալով «ընթացիկ մոմենտի» նրբությունները։

Բանն այն է, որ ԱԺ–ում մասնակցելով ԵՏՄ–ի հարցով լսումներին՝ Շավարշը քննադատել է այն մարդկանց, ովքեր դեմ են ԵՏՄ–ին, ու պահանջում են այլ երկրի ղեկավարի (նկատի ունի ՌԴ նախագահ Պուտինին) հրաժարականը։

«Քանի որ ես քաղաքականությունում հարուստ փորձ ունեմ, այդ թվում և՝ ընդդիմադիր, ես կարծում եմ, որ ընդդիմության գործը սեփակա՛ն երկրի իշխանությանը քննադատելն է, ոչ թե երրորդ երկրի»,– նշել է Քոչարյանը՝ ակամայից քար գցելով բոլոր «արևմտամետների» բոստանը։

Շավարշը չգիտի, ու թերևս նրա մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանում Պուտինի հրաժարականը պահանջում են Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանող դավիթշահնազարյանները, արամսարգսյանները, աղասիենոքյանները և մյուս «արևմտամետները», ու դա նոր տեխնոլոգիա է։

Շավարշը չի հասկանում, որ Պուտինի հրաժարականը մեզանում պահանջում են «պետպատվերի» շրջանակներում։ Բա հո Սերժի հրաժարականը չէի՞ն պահանջելու բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 3–ը պնդում էին, թե Սերժը վատն է, բայց «զատո» նա մեզ տանում է դեպի լուսապայծառ Արևմուտք, ուստի պետք է պայքարել ԲՀԿ–ի ու մյուսների դեմ։

Շավարշը երևի չգիտի նաև, որ իր մոտ տարակուսանք առաջացրած ուժերը պահանջում են նաև «եռյակի» հրաժարականը՝ վերջինիս ներկայացնելով «Սերժից ավելի ռուսամետ լինելու» անհեթեթագույն մեղադրանքը։

ՄՄ և ԵՏՄ մտնելու որոշումը «Վերջին բոլշևիկն» է կայացրել, Գյուլիստանի պայմանագրին Զորի Գայկովիչի միջոցով Սերժն է հավատարմության երդումներ տվել, նույն Սերժն է բավարարել Նազարբաևի միջնորդությամբ ներկայացված Ալիևի պահանջները, բայց տնաբույծ «արևմտամետները» պահանջում են Պուտինի ու «եռյակի» հրաժարականը։

Խեղճ Շավարշն ի՞նչ իմանար, որ Բաղրամյան 26–ի «կրեաԾիվ» տղաներն այդպիսի բաներ են մտածել։ Չի իմացել և այդ իսկ պատճառով էլ «քաշել» է շեֆին՝ մուննաթ գալով «արևմտամետների» վրա։ Այ սրա համար հաստատ Շավարշ Քոչարյանին հրաժարականի կարող են հասցնել, քանզի մի բան է, երբ դու Հայաստանի ճակատագրի հետ ես խաղում և ոտնահարում պետական շահը, ու լրիվ այլ բան, երբ դու Ս. Սարգսյանի անձնական շահերին ես դիպչում և փչացնում նրա իրական թիմակիցներին՝ հաճախորդներին՝ հընթացս ջարդելով նաև «Գեբելսյան» քարոզչամեքենայի կոդերը։

Այնպես որ, Շավարշը Բաղրամյան 26–ին «քաշեց» իր անկեղծությամբ, բայց կարող է նաև ինքը «քաշվել»։ Կապրենք՝ կտեսնենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը