Մեկնաբանություն

16.12.2014 13:30


Երանոսյանի ականջները կկտրե՞ն

Երանոսյանի ականջները կկտրե՞ն

Լևոն (դեռ փոխոստիկանապետ) Երանոսյանը, ինչպես հայտնի է, ասել էր. «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին–Ս.Մ.) հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու՝ ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Ուշադրությո՛ւն դարձրեք, Երանոսյանը չի կոնկրետացրել, թե արդյոք Սերժ Սարգսյանի մասին դրակա՞ն, թե՞ բացասական բան լսելու դեպքում ինքը կհարձակվի դիմացինի ականջների վրա։

Համաձայնեք, որ դա մի փոքր տարօրինակ վարքագիծ է։ Մարդը հենց Սերժի անունը լսի՝ հարձակվելու է, ու սկսելու է հոշոտել Սերժի անունը տվողի լսողական ապարատը։ Եվ նման մարդկանց պահում են ոստիկանությունում ու դեռ մի բան էլ՝ զորքերի հրամանատա՞ր նշանակում։ Սրան ո՞վ է համազգեստի մեջ դրել (Վլադիմիր Գասպարյանի ականջը կանչի)։ Փողոցային խուլիգանի վարքագիծ դրսևորողն ի՞նչ գործ ունի ոստիկանությունում։

Երանոսյանն իր տխրահռչակ և հակաօրինական մտքերը իշխանամետ «Ժողովուրդ» թերթին հայտնել էր ազատամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Միջադեպ, որի նախաձեռնողն ու փաստացի կազմակերպիչն ինքն է եղել (ի դեպ, ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում հայտնաբերել «Գետափ» ռեստորանի մոտ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի դեմ «շակալություն» անողներին, մինչդեռ օպերատիվ ձևով գտավ թալինցի «հայրենասեր»–խոպանչիին)։

Դրանից հետո Երանոսյանին պետք է անհապաղ հեռացնեին ոստիկանությունից և օրենքի ուժով քաշքշեին նրա ականջները, սակայն բավարարվեցին նկատողությամբ։

Ի դեպ, պարզվում է, որ նկատողությունն է՛լ ավելի է գրգռել Երանոսյանին, ով իշխանական թերթերին կրկին հարցազրույց է տվել՝ հայտարարելով, թե հետ չի կանգնում իր խոսքերից ու հանուն Սերժի՝ կկոտրի նրա մասին խոսողների գլուխը և կկտրի նրանց ականջները։

Ճիշտ է, փոխոստիկանապետն արդեն հստակեցրել է, որ միայն բացասական բան լսելուց հետո կհարձակվի մարդկանց ականջների վրա, սակայն դրանից նրա հակաօրինական պահվածքի էությունը չի փոխվում։ Ինչևէ։

Ինչ մնում է ՀՀԿ ղեկավարի պատիվը պահելուն, ապա Երանոսյանը լավ կանի՝ նախ ի՛ր պատիվը պահի, քանզի արժանացել է «չաթլախ» «պատվավոր» կոչմանը (Հրայր Թովմասյանի «կոլեգաները» գնալով շատանում են. Սերժի տակ մտած ՀՅԴ վերնախավի ականջն էլ այստեղ կանչի)։

Վիրավորանքներով խոսելն, անշո՛ւշտ, սխալ է և անընդունելի, բայց փոխոստիկանապետն ի՛նքն է ընտրել այդ ճանապարհը, ու թող պատրաստ լինի համարժեք պատասխանի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Որքան երկար մնա Երանոսյանն իր պաշտոնում, այնքան ամրապնդվելու է այն տեսակետը, որ բռնարարքների ուղղակի պատվիրատուն Սերժ Սարգսյանն է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ռազմիկ Պետրոսյանի պատմածից հետո ակնհայտ է, որ Երանոսյանը խախտել է օրենքը՝ քաղաքական թեմայով սպառնալիքներ հնչեցնելով ու առաջարկելով ազատամարտիկին լքել Հայաստանը։

Հասկանալի է, որ Սերժը, ի դեմս Երանոսյանի, «մահապարտ» է ստացել, ու դա նրան ձեռնտու է այս խառը ժամանակահատվածում, բայց, միևնույն է, դա բան չի փոխում։ Երանոսյանին պարտավոր են հեռացնել ոստիկանական համակարգից ու քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։

Ուշագրավն այն է, որ լավ հասկանալով, թե ինչի մեջ է հայտնվել՝ Երանոսյանը հայտարարում է, թե ինքը նկատողություն է ստացել Վլադիմիր Գասպարյանից, բայց ոչ Սերժ Սարգսյանից, ու բռնություն կկիրառի բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր վատ բաներ կասեն Սերժի հասցեին։ Այդպիսով նա փորձում է իր հետույքը փրկել՝ «վիլկայի» մեջ դնելով ու ինչ-որ տեղ՝ նաև շանտաժի ենթարկելով Սերժ Սարգսյանին՝ ձեռքի հետ հայտ ներկայացնելով ոստիկանապետ դառնալու համար։

Առաջիկայում պարզ կդառնա, թե, ի վերջո, ինչպես կավարտվի այս պատմությունը, և ինչ նոր պատմության սկիզբ կդառնա։

Այս խորագրի վերջին նյութերը