Քաղաքական

16.12.2014 15:07


Գագիկ Ջհանգիրյան. «Հանցագործը հովանավորվում է իշխանությունների կողմից»

Գագիկ Ջհանգիրյան. «Հանցագործը հովանավորվում է իշխանությունների կողմից»

ԱԺ 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, «Ժառանգության» և ՕԵԿ–ի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է իր գործընկեր Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակմանը։

–Սա ՀՀ-ի համար արտառոց դեպք է, և իրավապահ մարմինների կողմից եղել է ոչ ադեկվատ արձագանք այդ դեպքերին: Ես դիտել եմ դեպքի տեսաերիզը, որտեղ երևում է, թե ինչպես է շքամուտք մտնում այդ հանցագործը, մի քանի րոպե հետո շքամուտք է մտնում Արամ Մանուկյանը, և այդ հանցագործն այնպես է հարվածում նրան, որ Արամ Մանուկյանը կորցնում է գիտակցությունը, և վայր ընկնում: Այնուհետև Արամ Մանուկյանի մոտ տոմոգրաֆիկ ախտորոշմամբ ուղեղի ցնցում է հայտնաբերվել: Բնականաբար, այդ անձը չէր կարող գործել միայնակ: Ակնհայտ է, որ Արամ Մանուկյանին հետևել են,-ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Նա առողջությանը թեթև մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով քրեական գործ հարուցելը շատ սխալ է համարում.

Այդ հանցագործի նկատմամբ պետք է կիրառվեր համապատասխան խափանման միջոց: Տոմոգրաֆիկ հետազոտությունը ֆիքսել է ուղեղի ցնցում, և դատաբժշկությունից շատ թե քիչ հասկացող ցանկացած մարդ կհաստատի, որ առնվազն միջին ծանրության վնասվածք է հասցված Արամ Մանուկյանին: Այս արարքը կարելի է որակել 113–րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալել և երկու օր հետո բաց թողնել այդ հանացագործին ոչ միայն իրավաբանորեն է սխալ, այլ ցույց է տալիս, որ հանցագործը հովանավորվում է իշխանությունների կողմից:

Գ. Ջհանգիրյանը նաև ավելացրել է, որ նման հարձակումների նպատակը վախեցնելը, ահաբեկելը, պայքարից հետ պահելն է։

–Երեկ եմ հանդիպել. Արամ Մանուկյանը վախեցած չէր։ Բռնություններով մինչև հիմա պահել են իշխանությունը, բայց բռնությամբ իշխանափոխություն իրականացնելու տարբերակը մենք չենք քննարկում,–ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ այս բռնությունները կնպաստե՞ն իշխանափոխության գործընթացի արագանալուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը