Կարծիք

17.12.2014 16:33


Իշխանությունները թող գնան գուշակի մոտ

Իշխանությունները թող գնան գուշակի մոտ

Իրավիճակը, որում հայտնվել են շարքային քաղաքացիները, մեկ օրում չի ստեղծվել և ձևավորվել։ Այն իշխանությունների երկար տարիների և համառ գործողությունների հետևանքն է, ավելի ստույգ՝ կամակոր իշխանության վարած քաղաքականության արդյունքն ենք «վայելում»։

Իշխանությունը երբևէ չցանկացավ ականջալուր լինել հանրության խոսքին, իշխանությունից դուրս գտնվողի կարծիքին։ Նույնիսկ տեղական փորձագետների մասնագիտական խոսքն անտեսելով՝ շարունակեց իր ինքնավստահ գործելավոճը։ Ինչ-որ տեղ այդ ամենը սպասելի էր։

Այսօր քաղաքացիներից շատերն անհամբեր սպասում են բարձրագույն իշխանության ասելիքին։ Սակայն օրվա իշխանությունը չունի ասելիք ոչ մասնագիտական մեկնաբանություններով և ոչ էլ բարոյական պատասխանատվության շրջանակներում։ Որոշ իշխանավորների կցկտուր խոսքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ այս մարդիկ չեն տիրապետում իրավիճակին, իսկ իրավիճակը գահավիժող է։

12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ մեկ-երկու տարի առաջ հայտարարում էր, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեզ վրա չի ազդելու, կամ մեզ հետ կապ չունի։

Ավելին՝ նա մեկ օր գովերգում էր ԵՄ մտնելը, իսկ հաջորդ շաբաթ պարզաբանումներ էր տալիս ԵՏՄ-ի առավելությունների մասին։

Ինչևէ, բարձրագույն իշխանությանը թվում էր, որ Հայաստանը մոլորակից դուրս է, և աշխարհաքաղաքական զարգացումները, ֆինանսական բուրգերի փլուզումները մեզ հետ կապ չունեն։

Հաճախ է ասվել, որ բարձրագույն իշխանության պաշտոնական այցերը և հանդիպումները կրել են սիրողական բնույթ՝ ծանոթանալ այդ երկրի տեսարժան վայրերին, ազգային խոհանոցին և քաղաքի գիշերային կյանքին։

Բնական էր, որ բարձրագույն իշխանությունում գտվողներն ամբողջությամբ չեն պատկերացրել և պատկերացնում իշխանությունում լինելու պատասխանատվությունը։

Բարձրագույն իշխանությունում լինելը նշանակում է պատասխանատվություն կրել ստորև ներկայացվող խնդիրների նկատմամբ.

-պետության անվտանգության,

-քաղաքացիների պաշտպանվածության,

-տնտեսական անկման,

-ֆինանսական անկայունության,

-հանրապետությունում ստեղծված գաղջ մթնոլորտի,

-արտագաղթի աճող տեմպերի,

-աղքատության ահագնացող չափերի,

-գործազրկության բարձր տոկոսի,

-ոչ արհեստավարժ մասնագետներով կադրերին առաջ քաշելու,

-քծնվող անարժաններին տեղ տալու,

-տարիներ շարունակ կոռուպցիոն սկանդալներում հայտնվողներին չմերկացնելու,

-ողջ տնտեսությունը մի քանի ընտանիքների հարստություն դարձնելու

և վերջապես, վերարտադրվելու ցանկության համար։

Այսքան ձախողումներից հետո ցանկանալ վերարտադրվել նշանակում է ցանկության կիրքը բավարարել ամեն ձևով և գնով։

Ասում են՝ իշխանությունը փակ դռների հետևում քննարկումներ է կազմակերպում, և մտորում է ազգաբնակչության մասին։

Ստեղծված իրավիճակում խորհուրդ է տրվում գնալ բախտ բացողների մոտ. գնչուները ձեզ կօգնեն։

Իսկ գուցե մեր իշխանավորները կնախընտրե՞ն գնալ եվրոպական փոքր, բայց ծովափնյա երկիր։

Բոլոր դեպքերում, Մոնակոն, Մալթան և Անդորրան կթեթևացնեն ձեր առօրյա հոգսերը Ամանորի օրերին։

Դե ինչ, ուր ուզում եք՝ գնացեք, բայց մի՛ վերարտադրվեք։

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը