Մեկնաբանություն

22.12.2014 09:30


Իշխանության մտքինն ու լեզվինը

Իշխանության մտքինն ու լեզվինը

Սուրիկ Խաչատրյանն «ինքնապաշտպանվեց» իր տան բակում, մի կարճ ժամանակով լքեց պաշտոնն ու վերանշանակվեց նույն պաշտոնում։ Դա տեղի ունեցավ «Խրախուսական մրցանակ՝ անվերապահ ծառայելու պատրաստակամության դիմաց» ծրագրի շրջանակներում։ Սերժ Սարգսյանն այդպիսով Լիսկային վերագտավ։ Նույն մտածողության տեսակ ունեցողներն իրար շուտ են գտնում։

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, խախտելով օրենքը, թրքաբարո ձևով կազմակերպեց ազատամարտիկների վրա հարձակումը (նա տղաներին կանչել էր հացի, ապա նրանց վրա քսի տվել իր լածիրակներինՍերժական թերթերից մեկին նա երկու անգամ հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ կկտրի բոլոր այն մարդկանց ականջները, ովքեր իր ներկայությամբ կուզենան ինչ–որ բան ասել Սերժ Սարգսյանին (այս թեմայով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից ստացած նկատողությունը Երանոսյանը ցուցադրաբար ուղարկեց համապատասխան վայր)։

Երանոսյանը շարունակում է պաշտոնավարել և այժմ իր պաշտպանությունն է գտել ԵԿՄ–ում։ Այն ԵԿՄ–ում, որի ղեկավար Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտ էր ունեցել 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ (այդ օրերին Մանվելը կամուկացի մեջ էր հայտնվել, իսկ Երանոսյանը բռնել էր Սերժի կողմը. հիմա նրանց միավորում է սեփական կաշին փրկելու ցանկությունը և Սերժին ծառայելու ծրագիրը)։

Առաքել Մովսիսյանը հայտարարել է, որ իր միակ խնդիրն այն է, որ Հայաստանում դեմոկրատիա լինի։ Այդ նպատակով է, հավանաբար, նրա շրջապատը ներկայացնող մարդը հարձակվել Արամ Մանուկյանի վրա։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի հենարանն ուրվագծվում է։ Ուրվագծվում է նաև գաղափարախոսությունը, որը ներկայացրեց գեներալ–պատգամավոր Սեյրան Սարոյանը։

Եթե ոմանց թվում է, թե Սեյրանն իր սրտի խոսքն ասաց ԱԺ–ում՝ արդարացնելով ու հիմնավորելով Արամ Մանուկյանի դեմ հարձակումը, ապա նրանք սխալվում են։ Սեյրանի շուրթերով հանդես էր գալիս «Վերջի բոլշևիկը»։ Սեյրանի լեզվինը իշխանության մտքինն է։

Դիմակները վաղուց դեն են նետված։ Սերժ Սարգսյանին հիմա «մահապարտներ» են պետք, քանզի ինքն է դարձել աթոռի «մահապարտ»։ Նրան պետք է, որ Լիսկան որքան հնարավոր է՝ շատ մխրճվի հանցագործությունների մեջ, որպեսզի ավելի մեծ կախվածության մեջ հայտնվի։

Երանոսյանն ինչքան շատ խոսի ու գործի, այնքան լավ «Վերջի բոլշևիկի» համար, քանզի ներքին զորքերի հրամանատարը պետք է «մահապարտ» դառնա։

Առաքելն էլ պետք է վարորդներ բուծի ու մտահոգվի բացառապես դեմոկրատիայի հարցերով։

Դե, իսկ Սեյրանին վերապահված է գաղափարախոսի ֆունկցիան։ Միայն Սեյրանին ու Շմայսին է այդ գաղափարախոսության շրջանակներում թույլատրված հայհոյել։

Սեյրանն ԱԺ–ի իր ելույթում ներկայացրեց բանդայի մանիֆեստը։ Հանրությունն ու քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը և ընդունեն կոնտրմանիֆեստը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը