Մեկնաբանություն

18.12.2014 15:42


Բարի Սերժն ու չար սպեկուլյանտները

Բարի Սերժն ու չար սպեկուլյանտները

Ժողովո՜ւրդ, բա իմացա՞ք՝ ինչ եղավ։

Իշխանամետ ու խիստ «անկախ» թերթերից մեկը նախագահականից խաբար է իմացել, որ Սերժ Սարգսյանն ահագին բարկացել է տարադրամի շուկայում տիրող իրավիճակի կապակցությամբ, ու հայտարարել, թե ոչ մի արտարժույթ Հայաստանից չպետք է դուրս գա։

ՀՀԿ ղեկավարի բարկանալը, ձեռքը սեղանին խփելն ու դոլարի գինն ընկնելը մեկ է եղել (տեսնես՝ այդ ո՞ր սրիկան էր որոշել դոլար–դրամ խաղերով փչացնել հոգատար ղեկավարության տրամադրությունն ու մարդկանց տրամադրել «ժողովուրդների» հոր դեմ)։

Չար սպեկուլյանտները հաստատ վախեցել են, ու հիմա, երեկվա համեմատ, դոլարի գինը շուրջ հարյուր դրամով ընկել է։

Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ավելի շուտ չէր բարկանում, ապա դուք պարզապես ջուր եք լցնում թշնամու ջրաղացին և ցանկանում եք երկիրը տանել ցնցումների։

Ախր, Սերժ Սարգսյանը չի իմացել, որ մոտ մեկ շաբաթ է՝ փոխարժեքային խաղեր են սկսվել, ու մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ են, իսկ ԿԲ նախագահին էլ որևէ մեկը չէր ահազանգել, թե մասնավոր բանկերը դոլար չեն վաճառում, ու ստիպում են մարդկանց անձնական հաշիվներ բացել և նոր միայն ձեռք բերել բաղձալի դոլարը։

Սերժը նաև տեղյակ չի եղել, որ դոլարի վաճառքի գինը թռել էր երկինք։ Բա որ իմանար, բա կթողնե՞ր, որ այսպես լինի։ Չէ՛ր թողնի։

Վատն է, շատ վատն է նրա շրջապատը։ Վատն են չար «օլիգարխները»։ Օգտվում են Սերժի անտեղյակությունից ու ինչ օյին ասես՝ չեն բերում մեր ժողովրդի գլխին։

Սերժը, ինչպես հայտնի է, տեղյակ չի եղել նաև, թե ինչ է տեղի ունենում 2008–ի մարտի 1–ին։ Նրա գլխին պարզապես սարքեցին, ու նա ստիպված հայտնվեց նախագահի աթոռին։

Հենց նա տեղյակ եղավ, թե ինչեր են տեղի ունեցել մարտի 1–ին, մարտի 2–ին հայտարարեց, որ վե՛րջ, այլևս ոչ մի զոհ չպետք է լինի, ու այդպես էլ եղավ։

Բարի է, շատ բարի է Սերժ Սարգսյանը, բայց նրա շուրջը չար ու վատ մարդիկ են հավաքված։

Ու չկա մի թալինցի ազատամարտիկ–խոպանչի, որ մի հայրենասիրական ապտակ հասցնի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին։ Տնաշենը մի շաբաթ ծպտուն չհանեց, ու միայն երեկ, երբ արդեն հասցրել էին դոլարային աժիոտաժի, քաոսի ժամանակ թանկով վաճառել տարադրամը և մեր երկրից Ռուսաստան տանել դոլարները, հայտարարեց, թե բա՝ խնդիրն չկա. դրամը կգերարժեվորվի։

Հետևաբար, Սեյրան Սարոյանը (Սերժ Սարգսյանի մտքերի թարգմանը) մի հատ էլ հիմա պետք է ելույթ ունենա ու տեղը դնի այն չարակամներին, ովքեր ՀՀԿ ղեկավարի թիկունքում դավեր են նյութել ու դոլարի արհեստական դեֆիցիտ սարքել՝ Ջավադյանի սիրած պղտոր ջրում ձուկ որսալով։

Իսկ դուք ասում եք, թե Սերժ Սարգսյանը չի մտածում երկրի մասին։ Նա ուղղակի մի քանի օր հետո է իմանում, թե ինչն ինչոց է, թե չէ բոլոր հարցերը կլուծի։

Այ սենց բաներ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Իշխանական թիմը շատ վատն է։ Լավ, ասենք՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր ու դրա համար էլ այս քանի օրը չէր անդրադառնում դրամի փլուզմանը։ Գոնե Սաշիկին տեղյակ պահեիք, ա՛յ մարդ։ Նա մի բան կաներ էդ չար սպեկուլյանտների հետ, մինչև ախպերը հասներ։

Այս խորագրի վերջին նյութերը