Կարծիք

18.12.2014 16:35


Ո՞ւմ էր սպասում Սերժ Սարգսյանը

Ո՞ւմ էր սպասում Սերժ Սարգսյանը

Քաղաքական գործչի PR-ով պետք է զբաղվեն լուրջ մասնագետներ: Առավել ևս, եթե խոսքը վերաբերում է վարկանիշի հետ լուրջ խնդիրներ ունեցող քաղաքական գործչին, ինչպիսին Սերժ Սարգսյանն է:
Դրամը սկսեց արժեվորվել, և Սերժ Սարգսյանի իմիջմեյքերները հայտնի թերթի էջերով տարածեցին, թե դա երեկ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության արդյունք է, որի ընթացքում, իբր, Սերժ Սարգսյանը խիստ հանձնարարական է տվել՝ կարգավորել իրավիճակը: Այստեղ հարց է ծագում՝ եթե այս խուճապային իրավիճակը հնարավոր էր կարգավորել ընդամենը մեկ «խիստ հանձնարարականով», ինչո՞ւ դա չարվեց ավելի շուտ: Ո՞ւմ էր սպասում Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի Կենտրոնական բանկի երեկվա հայտարարությա՞նը, թե՞ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին: Ֆինանսական վիճակը, կարծես թե, կայունանում է, չնայած այս պահին դեռ դժվար է միանշանակ ասել, թե որքան կտևի այս արժեվորումը, և Սերժ Սարգսյանը շտապում է հաղթանակի դափնիներն իրեն վերագրել: Միայն ի՞նձ է թվում, թե որ պահին էլ դրամը սկսվեր արժեվորվել, տեղեկություն էր տարածվելու, թե դրան նախորդել է Սերժ Սարգսյանի «խիստ հանձնարարականը»:

Այս անգրագետ քայլով Սերժ Սարգսյանի PR-ով զբաղվող մարդիկ միայն վնասում են ՀՀԿ ղեկավարին: Պարզ է, որ այսօրվա իրադարձությունները կապ չունեն երեկվա այդ խորհրդավոր հանդիպման և ինչ-որ գաղտնի հանձնարարականների հետ: Իսկ եթե ունեն, ուրեմն ավելի վատ. բա եթե այդքան հեշտ լուծվող հարց էր, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը հապաղում: Սա ուղղակի զավեշտալի է:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը