Լրահոս

19.12.2014 18:20


Ադրբեջանցի դիվերսանտներից մեկի համար դատախազը պահանջել է ցմահ, մյուսի՝ 22 տարվա ազատազրկում

Ադրբեջանցի դիվերսանտներից մեկի համար դատախազը պահանջել է ցմահ, մյուսի՝ 22 տարվա ազատազրկում

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը, հայտնում է «Արցախպրեսը»: Դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները 2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություւններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձավ դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, և որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը։ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած ազգային ատելության մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ սպանված պատանուն նկատի ունենալով, նա ամբաստանյալ Գուլիևին հարցրել էր. «Ինչ է, խղճու՞մ ես հայ տղային» (ինչի մասին Գուլիևը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)։ Ըստ մեղադրող կողմի` փաստ է, որ Գուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։ Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկեց ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա:

«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։

Այս խորագրի վերջին նյութերը