Կարծիք

20.12.2014 11:50


Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյան

Դրամի կտրուկ արժեզրկումը միայն ցույց տվեց, թե ինչքան թույլ է մեր տնտեսության իմունիտետը: Այն, որ կառավարության և ԿԲ-ի ուշացած աղմուկից հետո կտրուկ դրամն արժեվորվեց, կարելի է վստահ ասել, որ մեր երկիրը մեծ «ավանտյուրայի» զոհ է դարձել:

Արհեստականորեն բարձրացնելով ԱՄՆ դոլարի գինը՝ ավանտյուրիստները կարողացան շատ արագ թանկացնել նաև բոլոր ապրանքների գները: Ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ մեր բիզնեսմենները, ներկրողներն ու մեծ ու փոքր կալիբրի արտադրողներն իրենց պատկերացնում էին Նյու Յորքի ֆոնդային բորսայում՝ արժեթղթեր գնելով և վաճառելով: Հայաստանում գրեթե նույն իրավիճակն էր, քանի որ մի քանի ամիս առաջ ներկրած, արտադրած ապրանքների գներն այնքան արագ էին աճում, այն արագությամբ էին գները տատանվում, որ արդեն մրցավազք էր, թե ով ավելի շատ կթանկացնի իր ապրանքը, իսկ Նյու Յորքի ֆոնդային բորսայի բրոքերները ապշած նայում էին հայ մտքի ճկունությանը:

Դոլարի գնի կտրուկ նվազումից հետո սննդամթերքի գները նույնպես նվազեցին: Նվազեցին, սակայն նվազեցին աննորմալ մաքսիմումի հիման վրա՝ նորից մնալով բավականին թանկ: Իսկ բոլորի ուշադրությունն ուղղել են դրամի և դոլարի կատաղի պայքարին, թե ով կհաղթի՝ մոռանալով սննդամթերքի և այլ ապրանքների գների մասին:

Ցավոք սրտի, մեր ավատնյուրիստները լավ ուսումնասիրել են հայ ժողովրդի հոգեբանությունը, քանի որ ինչքան ապրանքները թանկացնում են, այդքան սպառումն ավելի շատ է լինում, ինչքան քաղաքացու կյանքը երկրում դժվարանում է, այդքան նա սկսում է պայքարել դժվարությունների դեմ՝ ցույց տալով, որ կարող է ավելի վատ պայմաններում ապրել: Եթե սա է մեր ժողովրդի ցանկությունը, ապա երկրում միշտ կլինի նման անկայուն վիճակ, քաղաքացիները միշտ կխաբվեն և կթալանվեն, իսկ այս ամենն իրականացնողները հարստանալով՝ կծաղրեն բոլորին՝ ուրախանալով, թե բիզնեսի համար շատ նպաստավոր երկիր է Հայաստանը:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ

Դավիթ Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը