Կարծիք

20.12.2014 11:55


Աննա Մովսիսյան.

Աննա Մովսիսյան.

Սարգսյան զույգերի՝ ժողովրդին առաջարկած երկրի զարգացման արդյունքները հասարակությունը զգաց ոչ միայն սեփական մաշկի վրա, այլև սահմանագծում։ 2009 թվականի դոլար–դրամ խաղերն իշխանության ախորժակը չբավարարեցին, որոշեցին այս տարի էլ հոդվածի տակ տեղավորվող գործողություններ իրականացնել՝ վերջնականապես ոչնչացնելով ազգային դրամի նկատմամբ վստահությունը։ Սարգսյանների վարած քաղաքականության արդյունքում այսօր ունենք քայքայված տնտեսություն և ազգային անվտանգության սպառնալիք։ Եվ այդքանից հետո էլ դեռ վերարտադրվելու ցանկություն կա։

Քանի դեռ իշխանությունը զբաղված է այս օրերի ալան–թալանը տեղավորելով, Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնում է տնտեսությունում առկա բացերը և նշում դրանք հաղթահարելու ուղիները։
Մասնավորապես, նա նշել է. «Ես լիարժեք տիրապետում եմ իրավիճակին, և ձեռքս պուլսի վրա է: Ինչպես 2009 թվականին էի ասում, որ պետք է արտոնություն ու հնարավորություն տրվի մարդկանց, ոչ թե հարկերը բարձրացվեն, ավելի խեղճացնեն, ավելի խեղդեն, այլ ընդհակառակը՝ պետք է պակասեցվեն, որ մարդիկ կարողանան աշխատել, ապրել: Եվ տեսանք, որ արդյունքում 2009 թվականի ասածս եղավ», – հավելելով, որ ավելի քան 15 հազար ձեռնարկատիրություն է փակվել։ Այդ ձեռնարկություններն էլ իրենց հերթին ձևավորվել են 2000–ականներից հետո։ Պարզեցված հարկի շնորհիվ, որը հանվեց Սարգսյանի թեթև ձեռքով, փոքր և միջին բիզնեսը զարգացում էր ապրում, որն էլ իր հերթին խթանեց տնտեսության աճը, երկրում նախնական կապիտալի կուտակումը։
ԲՀԿ առաջնորդը հասկացրել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորված է բիզնես զարգացնելու պայմանների բացակայությամբ. գործարարները վախենում են գործունեություն ծավալել և ներդրումներ անել, քանզի զգում են, որ կարող են ամեն ինչ կորցնել։ Վստահ չեն, որ մի օր չեն ենթարկվի «սաշիկիզացիայի»։
Որքան էլ մեզ դուր գա կամ դուր չգա այս կամ այն քաղաքական գործիչը, պետք է լսել, թե ինչ է նա բարձրաձայնում։
Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի շուրթերով ասում է՝ հնարավոր է, բայց ոչ։ Ծառուկյանն ասում է՝ հնարավոր է, ու անում։ Այսպիսի մի շարք օրինակներ կարելի է բերել։ Համեմատության մեջ էլ արդեն պարզ է դառնում, թե ով ով է իրականում, և ում խոսքն ու գործն ինչ արժեք ունի։

Ինչ վերաբերում է վերջին օրերին երկրից պետական մակարդակով դոլարի արտահոսքին, ապա արդարությունը պահանջում է գտնել ու պարզել մեղավորներին։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը