Լրահոս

20.12.2014 12:27


Ինչու ջրազրկվեց Էրեբունին

Ինչու ջրազրկվեց Էրեբունին

Դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերին, առանց նախապես հայտարարելու՝ Երեւան Ջուրը ստիպված է եղել դադարեցնել Էրեբունի բնակելի զանգվածի ջրամատակարարումը:

Պատահարը, ինչ խոսք, արտակարգ է, սակայն դրա պատճառը հազիվ թե ընկալելի լինի, առավել եւս՝ ընդունելի, ջրազրկված 4505 ընտանիքի համար:

Իսկ տեղի էր ունեցել հետեւյալը: Ժամը 21.23 րոպեին ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնում գրանցվում է ահազանգ այն մասին, որ Խաղաղ Դոնի փողոցի 27 շենքի 1 մուտքի 10-րդ բնակարանում (բաժանորդ Հասմիկ Հովսեփյան) ջրաչափական հանգույցից արտահոսում է ջուր, որը համատիրության և բաժանորդի ուժերով հնարավոր չէ կանխել: Բնակչին բացատրվել է, որ Երեւան Ջուրը չի սպասարկում բնակարանների ներքին ցանցը: Այնուհետեւ, ըստ մեր տեղեկության՝ փորձ է արվել փակել 1-ին մուտքի դիտահորի փականը, ընդ որում որպես «գործիք» օգտագործելով ծանր մի քար, որը, ինչպես եւ պետք էր սպասել, ավարտվել է փականը կոտրելով ու ջրի արտահոսքով:

Քաղաքապետարանի 1-08 ծառայությունից ստանալով համապատասխան ահազանգ, Երեւան Ջուր ՓԲԸ մասնագետները անմիջապես մեկնել են վթարի վայր եւ պարզել, որ միջամտության արդյունքում դիտահորի կոտրված փականից արտահոսող ջուրը հեղեղում է տարածքն ու լցվում նկուղը: Քանի որ ստեղծված իրավիճակում տեխնիկապես հնարավոր չէր սկսել վերանորոգման աշխատանքները, ընկերության կողմից դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00.44-ին, դադարեցվել է ողջ Էրեբունի զանգվածի ջրամատակարարումը:

Այն վերականգնվել է առավոտյան 7.30-ին, բացառությամբ՝ Խաղաղ Դոն 27, 31, 35 շենքերի, իսկ արդեն ժամը 11.30-ին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վերականգնվել է նաև դրանց ջրամատակարարումը:

Նման իրավիճակներից հնարավոր կլիներ խուսափել, եթե գործեր բնակարանում տեղադրված փականը (եթե ընդհանրապես այն առկա է), կամ մուտքի կանգնակի (ստայակ) փականը, որը շահագործվում է շենքը սպասարկող համատիրության կողմից: Հակառակ պարագայում ունենք այն, ինչ ունենք. ջրի կորուստ եւ հազարավոր սպառողների անհանգստություն: Գումարած՝ «օրվա հերոսների» բողոքի անընդունելի տոնն ու վիրավորական արտահայտությունները 1-85 ծառայության աշխատակիցների հասցեին՝ առանց ընդունելու սեփական մեղքը կատարվածի մեջ ու գիտակցելու, որ ընկերության շուրջ 350 հազար բաժանորդների կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կախված է նույն բաժանորդների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջները կատարելուց: Անգամ եթե խոսքը ընդդիմադիր թերթերից մեկի լրագրողի մասին է:

Երեւան Ջուր ՋԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը