Լրահոս

20.12.2014 21:42


Վիճաբանել է՝ ավտոմեքենան թերի վերանորոգելու համար ու հարվածել

Վիճաբանել է՝ ավտոմեքենան թերի վերանորոգելու համար ու հարվածել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացի Ա.Էվոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` 2014 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 11-ի սահմաններում, Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհահատվածի 2-րդ կմ-ում, քաղաքացի Առաքելյանը վիճաբանել է Ա.Էվոյանի հետ՝ իրեն պատկանող «Զիլ 131» մակնիշի ավտոմեքենան թերի վերանորոգելու պատճառաբանությամբ, որի ժամանակ ձախ ոտքով դիտավորությամբ հարվածել է Ա.Էվոյանի աջ կողային հատվածին։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Էվոյանն ստացել է կրծքավանդակի աջ կեսի փակ բութ տրավմայով արտահայտված աջից 9-րդ կողի կոտրվածք՝ թոքահյուսվածքի վնասումով պնևմոթորաքս. այդպիսով նրան պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց:

2014 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը