Հարցազրույց

30.09.2009 15:08


Գագիկ Գինոսյան

Գագիկ Գինոսյան

Հարցազրույց «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական  ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ

-Ի՞նչ գնահատական կտաք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին։

-Ես Նժդեհի գաղափարախոսությանը հետևող մարդ եմ։ Նժդեհի մոտ նման միտք կա՝ եթե ուզում եք ներել թուրքին, հաղթե՛ք նախ, և եթե մտածում եք, որ չի գալու այդ օրը, որ մենք ներենք թուրքին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ կգա՛, բայց միայն նրան հաղթելուց, ծնկի բերելուց հետո։

-Այսինքն, Դուք դե՞մ եք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

-Նման հարաբերություններին 100%-ով դեմ եմ։ Աբսուրդ է և ՀՀ պետական դիվանագիտության կոպիտ բացթողումը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում Թուրքիայի կողմից 16 տարի շարունակվող շրջափակում բառը մեր նորանկախ պետականությունում մեկնաբանվում է որպես սահմանների բացում։ Հայաստանը երբեք սահմանը չի փակել։ Եթե Թուրքիան շրջափակել է Հայաստանը, թող բարի լինի հայտարարի, որ ինքը շրջափակումը վերացնում է, և ոչ թե սահմանը բացվում է երկկողմանի բարի կամք դրսևորելով։

Եվ, իհարկե, սահմանների փոխադարձ ճանաչման մասին խոսք չի կարող լինել, որովհետև դա արդե՛ն նախապայման է։ Եթե խոսել ենք, որ նախապայման չպետք է լինի, դա՛ էլ չպետք է լինի։ Իսկ եթե նախապայմանների մասին խոսք կա, ապա Թուրքիան ինքը պետք է նախապայմանով զիջումներ անի, որովհետև 16 տարի մեր տնտեսության հերն անիծել է՝ թուլացնելով մեր բանակը, մեր երկրում ստեղծելով սև ու մութ, անլույս, անջուր տարիներ իր շրջափակման շնորհիվ։ Մեր երտասարդության առնվազն 30-50%-ն արտագաղթել է, և մեր ներուժը գրեթե 1/3-ով պակասել է այն դեպքում, երբ հիմա կարող էր շատ ավելի հզոր ներուժով պետություն կայանար։

Իսկ հաջորդ նախապայմանը, որ պետք է վերացվի, ինչ-որ հանձնաժողով ստեղծելու նախապայմանն է։ Եթե Ֆրանսիան պետականորեն քրեական գործ է հարուցում այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր հրապարակայնորեն կհերքեն Հայոց ցեղասպանությունը, ապա մեր պետությունն ինչպե՞ս կարող է այսպես հրապարակայնորեն կասկածի տակ դնել Ցեղասպանությունը։ Ուրեմն ֆրանսիական օրենքներով պետք է դատել նաև մեր ամբողջ պետականությունը։

-Այսօր Հայաստանում մի շարք ակադեմիկոսներ, մտավորականներ և արվեստի ներկայացուցիչներ ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները։ Սա՛ ինչպես կգնահատեք։

-Ես չեմ ուզում ոչ մեկին փնովել, անուններ տալ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ Հայաստանում, ցավոք սրտի, միշտ էլ գտնվում են գրպանի մտավորականներ, ովքեր չունեն սեփական կարծիք, որը չի համապատասխանում ազգի շահերին։ Ես գիտեմ, որ կա ազգի կենսական շահ, որն Արևմտյան Հայաստան ունենալու ազգի վաղվա տեսլականն է։ Նախկինում ռազմական գործի հետ որոշ առնչություն ունենալով՝ գիտեմ նաև, որ այսօրվա Հայաստանը, նույնիսկ Արցախը միասին վերցրած, ռազմավարորեն անխոցելի տարածք չէ, և եթե մենք պետք է շարունակենք գոնե հեռանկարում չտեսնել ավելի լուրջ Հայաստան, ավելի մեծ պատմական հայրենիք, ապա, վաղ, թե ուշ, մենք դատապարտված ենք կործանման, որովհետև ամեն անգամ ինչ-որ գերտերության բարեհոգությունը վայելելու հնարավորություն չենք ունենա. կյանքն ապացուցել է, թե ռուսը քանի անգամ է իր զորքը հետ քաշել՝ թողնելով մեզ մեն-մենակ մեր ճակատագրի, շատ դեպքերում՝ թուրքի յաթաղանի դեմ։ Մի օր ռուսի շահը կփոխվի, և մենք թուրքական յաթաղանի զոհը կդառնանք։ Եթե մենք այսօր չենք ուզում տեսնել վաղվա Հայաստանը, որն, իրոք, ռազմավարորեն գոնե ինչ-որ չափով ավելի անխոցելի կլինի, ապա մենք, վաղ, թե ուշ, դատապարտված ենք նման նոր երևույթների՝ կարող է՝ ո՛չ Ցեղասպանության, բայց, միգուցե, կոտորածի, պետականության հերթական կորստի և այլն։ Այսինքն, սա ազգից վաղվա տեսլականը, ապագան խլելու միտում է։ Մենք, մեր ազգից խլելով «Արևմտյան Հայաստան» հասկացողությունը՝ նրանից խլում ենք նաև ապագայի տեսլականը։ Կոնկրետ ես, կարինցի լինելով, չեմ ուզում հաշտվել այդ մտքի հետ։ Հրեաները 2000 տարի հետո վերադարձան իրենց հայրենիք։ Պարտադիր չէ նույնիսկ 50 տարի հետո վերադառնանք, բայց եթե մենք այսօր ստորագրում ենք մի համաձայնագիր, որտեղ ճանաչում ենք, որ դա իրենց սահմանն է և իրենց երկիրն է, ինչը նույնիսկ խորհրդային միության հայ իշխանավորները չեն ստորագրել, դա ավելի քան դավաճանություն է։ 100 տարվա մեջ ո՛չ մի հայ Կարսի պայմանագրի տակ չի ստորագրել, նույնիսկ բոլշևիկ հայը։ Իսկ մեր նորանկախ պետականության այրերն ավելի քան իրավունք չունեն դրա տակ ստորագրելու։

-Ձեր շրջապատում գերակշռո՞ւմ է այն կարծիքը, որ այս հարաբերությունները չեն բխում Հայաստանի շահերից։

-Ես շփվում եմ հայեցի մտածող մարդկանց հետ՝ և՛ մտավորականների, և՛ արվեստագետների, և՛ ազատամարտիկների, և՛ ԱՍԱԼԱՅԻ նախկին անդամների՝ հայ վրիժառուների հետ։ Նման մարդկանց մոտ ավելի քան գերակշռում է այդ կարծիքը։ Այն տեսակետը, որ սա լավ է, ոչ մեկը չի կիսում։ Բոլորի համար սա ավելի քան խայտառակ որոշում է։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը