Խմբագրական

Հոկտեմբեր 01, 2009 15:56

Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակը (տեսանյութ)

Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակը (տեսանյութ)

Հարգելի՛ ընթերցողներ, ձեզ եմ ներկայացնում այսօր ԱԺ-ում տեղի ունեցած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը թեմայով» խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթիս ամբողջական տեքստը, որը ժամանակի սղության պատճառով ԱԺ-ում հնչեցվեց մասամբ։

Ցանկացած պետության ամենակարևորագույն հարցերից մեկն անվտանգությունն է, և հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը պետք է գնահատել այդ տեսանկյունից։ Այսինքն, անհրաժեշտ է քննության առնել ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների առանձին կետերը, այլ ամբողջական գործընթացը, որն ստացել է «ֆուտբոլային» դիվանագիտություն անվանումը։ Իսկ գործընթացները զարգանում են ՀՀ-ի համար ոչ բարենպաստ հունով։ Սերժ Սարգսյանի՝ նախաձեռնողական որակված դիվանագիտությունը Թուրքիայի մասով հանգեցրել է մի վիճակի, երբ շաղկապվել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա նշանակում է, որ լուրջ մարտահրավերներ են առաջացել Արցախի, այսինքն՝ Հայաստանի անվտանգության հարցում։ Այն պնդումները, թե նշված հարցերը շաղկապված չեն, այլ պարզապես զուգահեռ են ընթանում՝ զուտ բառախաղ են, որից խնդրի էությունը չի փոխվում։

Թուրքիայի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում են, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն դեպքում, երբ Արցախի հարցում կլինի տեղաշարժ։ Տեղաշարժ ասելով՝ նրանք նկատի ունեն հայկական զորքերի դուրսբերումը և մեր միակողմանի զիջումները։ Սա՛ է այն գինը, որը մեզանից պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Թուրքերը, օգտվելով հայկական դիվանագիտության կոպտագույն սխալից, այժմ ամբողջ աշխարհին ներգրավել են, որպեսզի ճնշումներ կիրառեն Հայաստանի վրա և փաթեթով ստանան այն ամենը, ինչը փորձել, բայց չեն կարողացել ստանալ մեր անկախացումից ի վեր։

Եկեք չմոռանանք, որ հայ-թուրքական սահմանը փակվել է, և Հայաստանը հայտնվել է մասնակի շրջափակման մեջ 1993 թ., երբ տեղի ունեցավ Քարվաճառի ազատագրման գործողությունը։ Եվ հիմա միամտություն կլինի կարծել, թե թուրքերը կբացեն սահմանը՝ առանց Արցախի խնդրում իրենց ուզածը ստանալու։ Նրանք, ովքեր չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել այս խնդիրը, կա՛մ անհեռատես են, կա՛մ փորձում են խաբել մեր հանրությանը սեփական ձախողումները թաքցնելու նպատակով։

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի շուրջ քննարկումները Հայաստանում շեղվել են բուն թեմայից և վերածվել պարզունակ հարցադրման։ Մեզ ասում են, թե դուք դե՞մ եք սահմանների բացմանը։ Իրականում այդ հարցադրումը դեմագոգիա է։ Այդ դեմագոգիայով փորձ է արվում մոլորության մեջ գցել ժողովրդին։ Թուրքիայի հետ բաց սահմանը ներկայացվում է որպես երկնքից թափվող մանանային համարժեք մի բան։ Ինչպես որ ժամանակին մեզ ասում էին, թե ջերմուկով ու մոլիբդենով Հայաստանը կպահենք, հիմա էլ ասում են մենակ թե սահմանը բացվի՝ վերջ, փրկված ենք։

Ռացիոնալ մտածողության տեսակետից որևէ մեկը դեմ չէ բաց սահմաններին, բայց դրա գինը չպետք է լինի Հայաստանի անվտանգության կորուստը, Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի կողմից ճանաչման գործընթացի վիժեցումը կամ սահմանների փոխադարձ ճանաչման նվաստացուցիչ նախապայմանը։

Եթե մենք այստեղ անընդհատ խոսենք այն մասին, թե մինչև Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները չբացենք, չենք զարգանա, ապա թուրքերն ու ադրբեջանցիները կպահանջեն ամեն ինչ և առաջադրված երեք նախապայմաններին կավելացնեն չորրորդը, հինգերորդը և այլն։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանին ներքաշեց մի խաղի մեջ, որի հետևանքներն իշխանությունները նոր-նոր են գիտակցում։ Եթե հիշում եք, Սարգսյանն ինքն էր դիմել Թուրքիայի նախագահ Գյուլին, որպեսզի վերջինս օժանդակի Արցախի հարցում։ Ուրախությունից անակնկալի եկած թուրքերն ասեցին՝ շատ լավ, հիմա այնպես կօժանդակենք, որ քիչ չի թվա։ Ու սկսեցին «օժանդակել»։

Այդ հետո պիտի ՀՀ նախագահը հասկանար սեփական սխալն ու պարբերաբար հայտարարեր, թե լավ կլինի, որ թուրքերն ընդհանրապես չխառնվեն Արցախի հարցում։ Սակայն գնացքն արդեն գնացել էր։ Թուրքիան Հայաստանի իշխանություններից ստանալով Ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու հնարավորությունը՝ դա գնահատեց ոչ թե մեր բարի կամքի դրսևորման, այլ թուլության նշան և շտապեց Արցախի հարցում դառնալ առնվազն ակտիվ լոբբիստ։ Հիմա մեր իշխանությունների թեթև ձեռքով և Թուրքիայի ագրեսիվ գործողություններով Արցախի խնդիրը սառեցված կոնֆլիկտից վերաճեց համաշխարհային քաղաքականության օրակարգային խնդրի՝ իր կարևորությամբ համարյա հավասարվելով արաբաիսրայելական հակամարտությանը։ Իսկ դա չի բխում մեր շահերից։

Եթե նախկինում միջազգային ուժերն էին ճնշում Թուրքիային՝ դրդելով նրան բացելու ՀՀ-ի հետ սահմանը, իսկ Թուրքիան անընդհատ խուսափում էր դրանից և զբաղված էր Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի կասեցման խնդիրներով ու Արցախի հարցում ռիսկ չէր անում ծպտուն հանել, ապա այժմ իրավիճակը 180 աստիճանով փոխվել է։ Արդեն ճնշումների է ենթարկվում Հայաստանը, և դա տեղի է ունենում տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով։

Թուրքիան աշխարհով մեկ սկսել է քննարկել Արցախի հարցը և հայտարարում է, թե ինքը պատրաստ է բացել սահմանը, բայց «հնարավորությունների» այս պատուհանը պետք է օգտագործել մինչև վերջ և փաթեթով լուծել նաև Արցախի հարցը։ Իսկ այսօր լուծել Արցախի հարցը՝ նշանակում է գնալ միակողմանի զիջման՝ փաստացի կապիտուլյացիայի։ Բանն այն է, որ Ալիևն ամբողջությամբ պահանջում է ներկայումս ԼՂՀ-ի Սահմանադրությամբ ամրագրված տարածքները։ Ադրբեջանում խոսում են նաև Զանգեզուրի մասին։ Այսքանից հետո էլ ի՞նչ փոխզիջում։ Ահա այս ամենի ֆոնին են ընթանում հայ-թուրքական գործընթացները։

Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է «սառը պատերազմի» վիճակում։ Այս պայքարում կհաղթի այն կողմը, ով կունենա ավելի ժամանակակից պետություն՝ մրցունակ տնտեսությամբ, ժողովրդավարական համակարգով և ազգային առաջադիմությամբ։ Իսկ ի՞նչ են անում այս ուղղությամբ մեր իշխանությունները։ Կառավարությունը անբարենպաստ միջավայր է ստեղծել բիզնեսի բոլոր շերտերի համար և իր միակ առաքելությունը դարձրել է անվերահսկելի ծախսային մասով բյուջե լցնելն ու դրսից վարկ բերելով գոյությունը քարշ տալը։ Հիմա էլ նոր բանաձև են հորինել։ Ասում են սահմանները եթե չբացենք՝ կկործանվենք։

Ինչ խոսք, բաց սահմանները ցանկալի նպատակներ են, բայց դրանց հասնելու ճանապարհն ինքնամոռաց քիրվայությունը չէ։ Այդ սահմանները կբացվեն, երբ մենք որակապես այլ պետություն կունենանք և թուրքերն այլընտրանք չեն ունենա, քան օր առաջ մեզ հետ հարաբերվելը։ Մենք այլընտրանք չունենք և դատապարտված ենք հաղթելու Ադրբեջանի հետ «սառը պատերազմում», որովհետև մեր մոտիվացիան ավելի հզոր է, քանի որ Արցախը մեր լինել-չլինելու հարցն է, իսկ Ադրբեջանի համար դա տարածքի ու նվաճողականության խնդիր է։ Ուստի առանձին վերցրած՝ Արցախի հարց գոյություն չունի։ Կա Հայաստանի անվտանգության ապահովման գերխնդիր։ Ցավոք, մեզանում հանրային գիտակցության մեջ չկա այն ընկալումը, որ Արցախը Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, և որևէ զիջումը այս հարցում հղի է շատ վտանգավոր հետևանքներով։ Բայց հանրությանը մեղադրել չարժե։ Եթե ՀՀ քաղաքական ուժերի մի մասը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, միմյանց հետ մրցավազքի մեջ են մտնում «Ով ավելի շուտ հողերը կհանձնի» թեմայով, ապա շարքային քաղաքացիներից ուժերի գերլարում պահանջելը դժվար է։

Այն քաղաքական ուժերը, ովքեր տարիներ շարունակ խոսում են, թե մինչև Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները չբացենք, չենք զարգանա, ի վերջո, բարոյալքման են տանում մեր ժողովրդին, ինչպես որ բոլշևիկները դա արեցին Կարսում, և այն ընկավ։ Եթե շարքային քաղաքացին անընդհատ լսում է, որ իր կյանքի բարեկեցության միակ և անփոխարինելի երաշխիքը բաց սահմանն է, ապա պատրաստ է լինում թքած ունենալ և՛ Արցախի, և՛ Ցեղասպանության հարցի վրա։ Սա շատ վտանգավոր երևույթ է, բայց այսօր այդ մտածողության քարոզը դարձել է դոմինանտ։ Իշխանության և ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, իրար ուս ուսի տված, ըստ էության, հակապետական քարոզով են հիմա զբաղված։ Եթե «Սերգո ջանների» լավ ապրելու բանաձևն Արցախի խնդրի շուտափույտ լուծման մեջ է, ապա այդ մտածողությամբ մենք, ի վերջո, ստանում ենք ՀՀ-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունները։

Սերժ Սարգսյանին, հավանաբար, թվացել է, թե ինքը մեկ հարվածով կարող է լուծել դարավոր խնդիրները և արդյունքում հայտնվել է ծուղակում։ Մեզ ասում են, թե փորձենք, տեսնենք, միգուցե ստացվի՞։ Ասեմ, որ արտաքին քաղաքականությունը կազինո գնալ չէ, որ կամ բախտդ բերի, շահես, կամ էլ պարտվես ու փորձես հաջորդ օրը հետ բերել կորցրածդ։

Ոչ վաղ անցյալում Գորբաչովին էլ թվաց, թե ինքն այնքան խելոք մեկն է ու այնպիսի առաքելություն ունի, որ միանգամից կարող է լուծել Արևմուտքի հետ «սառը պատերազմի» խնդիրը։ Լուծելը՝ «լուծեց», բայց այժմ աշխահի քաղաքական քարտեզի վրա գոյություն չունի այն պետությունը, որը ղեկավարում էր Միխայիլ Սերգեիչը։ Ես համոզված եմ, որ նա չէր պատկերացրել, որ այդպես կզարգանան իրադարձությունները, բայց, ինչպես ինքն էր արտահայտվում, «Процесс пошел», և այլևս հետդարձի ճանապարհ չկար։ Գորբաչովն էլ էր սկսել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարել և միակողմանիորեն Արևմուտքին զիջել ինչ որ հնարավոր էր։ Նրան էլ էին ասել, որ նախապայմաններ չկան ու ՆԱՏՕ-ն ևս կդադարեցնի իր գոյությունը, երբ վերանա Վարշավյան պայմանագիրը։ Եղավ ճիշտ հակառակը։ Գորբաչովը մտածում էր, որ եթե դրսի բոլոր պայմաններին «Այո՛» ասի, ապա ամեն ինչ լավ կլինի։ Ու այդպես էլ անում էր, բայց դա նրան չփրկեց կործանումից։ Այդ ձևով է ճակատագիրդ դասավորվում, երբ ընկնում ես ձևական նախաձեռնողականության հետևից ու առանց հաշվարկների փորձում երկիրը չգիտակցված ավանտյուրայի մեջ ներքաշելով՝ ինքնահաստատվել ու ամրապնդել իշխանությունդ։

Նախագահ Սարգսյանն ակնհայտորեն տառապում է «գորբաչովյան» հիվանդությամբ։ Բայց, ի տարբերություն ՍՍՀՄ-ի, մեր երկիրն այդքան մեծ ու հզոր չէ, որ կարողանաս մարսել իշխանության դիվանագիտական ֆիասկոները։ «Գիշերային» դիվանագիտություն ունենալու ռեսուրս մենք չունենք, և այս ամենը պետք է շտապ կասեցվի։ Հայկական դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումն Արցախի հարցից։ Նախաստորագրված արձանագրությունների շուրջ զարգացող գործընթացները չեն տալիս այդ հնարավորությունները, ուստի պետք է «Ո՛չ» ասել բազում նախապայմաններ պարունակող նախաստորագրված արձանագրություններին։ Իշխանությունները պետք է փորձեն նվազագույն կորուստներով դուրս գալ հայ-թուրքական այս գործընթացից, քանի որ հակառակ պարագայում կվնասեն Հայաստանի կենսական շահերին։

Հայաստանում այժմ շատ թունավոր մթնոլորտ է ձևավորվել։ «Քիրվայական» կուսակցությունը, որի մեջ են ինչպես իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այնպես էլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, այնպիսի քարոզ են իրականացնում այս օրերին, որ 5-րդ շարասյան գործառույթ է հիշեցնում։

Իշխանության և նրանց աթոռներին տիրել ցանկացողներն այլ տարբերակ չեն գտել, քան քիրվայականությունը գովազդել՝

1. Հակադրելով հայաստանցու և արցախցու շահերը, որն արտահայտվում է «Արցախի հարցը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ, և դա լավ է, ու որքան շուտ լուծենք Արցախի հարցը, այնքան ավելի շուտ լավ կապրենք» սխեմայով։

2. Հակադրելով Հայաստան-Սփյուռք շահերը, որն արտահայտվում է «Թող Սփյուռքը մեզ չասի, թե մենք ինչ անենք։ Մեր ու իրենց շահերը տարբեր են։ Իրենց պետք է Ցեղասպանության ճանաչումը, իսկ մեզ՝ բաց սահմանը» սխեմայով, կարծես թե Թուրքիան արդեն բացել է սահմանն, ու իրենք էժան շալվար են հագնում, իսկ Սփյուռքը չի թողնում վայելել այդ էժանությունը։

3. Ներկայացնելով բաց սահմանը որպես կյանքի միակ ճանապարհ և պատրաստակամություն հայտնելով դրան հասնել ամեն գնով։

Այս ամենն այնքան նողկալի է, որ արդեն վերածվում է տրագիկոմեդիայի։

Ավարտելով ելույթս՝ կուզենայի մի քանի հռետորական հարցադրումներ անել իշխանություններին և որոշ մեկնաբանություններ անել դրանց շուրջ։

1.Ո՞վ է ձեզ իրավունք և մանդատ տվել այսպիսի ներքին և արտաքին քաղաքականություն վարելու համար։ Սերժ Սարգսյանն իր նախընտրական խոստումներում չէր ասել, որ քիրվայական քաղաքականություն է վարելու։ Ավելին, նրա հիմնական ընդդիմախոս Լևոն Տեր-Պետրոյանն էր մեղադրվում 2008-ին «թուրքական» գիծ ունենալու համար։

2.Ո՞րն է Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանը։ Այն քաղաքականությունը, որը նա այժմ վարում է՝ գաղափարական առումով ավելի շատ համապատասխանում է իր պաշտոնական ընդդիմախոսներին, որոնք սակայն իշխանության համար մղվող պայքարում չեն կարող դառնալ իր հենարանը, քանի որ իրենք են ուզում իշխանությունը վերցնել։ Ազգային կամ ազգայնական ուժերի այն շրջանակը, որը 2008-ին որպես չարյաց փոքրագույն Սերժ Սարգսյանին էր նախընտրում ընդդեմ Տեր-Պետրոսյանի, հիմա բացարձակ ընդդիմադիր է նրան։ Այդ դաշտում գործող ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից։

Ընդամենը երկու տարի առաջ արևմտահայաստանի եղանակի տեսությունը հեռուստաընկերությամբ հովանավորող ՀՀԿ-ն, որի ղեկավարն է Սերժ Սարգսյանը, հիմա շատ անհարմար վիճակում է հայտնվել ու, ըստ էության, շարքերի մակարդակով նույնպես չի ողջունում նախագահի քայլերը։ Իշխանական կոալիցիան էլ միակամ չէ։ Սարգսյանը փաստացի մերժվում է նաև Սփյուռքի լայն շրջանակների կողմից։ Եվ հարց է առաջանում, թե հանրության ո՞ր շերտերի վրա է հենվում նախագահը։

Ստացվում է շատ հետաքրքիր պատկեր. Սարգսյանի գաղափարական միակ հենարանը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը մեծ հաշվով չի ընդդիմանում Սարգսյանի քայլերին, բայց միևնույն ժամանակ պահանջում է նրա հրաժարականը, քանի որ իշխանությունը վերցնելու խնդիր կա։ Այլ հենարան նա չունի։ Պալատական քծնողները և վճարովի կողմնակիցները հաշիվ չեն։ Այսինքն նախագահն իր այս քայլերն իրականացնում է հպարտ մենության մեջ, որը հակաբնական վիճակ է. Սարգսյանն իր «քիրվայականությամբ» կորցրեց տարբեր շերտերի, բայց նորը չձեռքբերեց։ Շարքային հանրապետականները նույնպես խուլ ընդդիմանում են նախագահի քայլերին։

3.Այդ ինչպե՞ս պատահեց, որ այժմ Թուրքիայի սահմանը բացվելու պարզունակ հարցը գերակայեց մեր անվտանգությանն ու արժանապատվությանը։ Ո՞վ է ձեզ թույլ տվել բարոյալքության և դասալքության հասցնել մեր ժողովրդին ու բոլորի մեջ ներարկել այն գաղափարը, թե մինչև Թուրքիան իր սահմանը չբացի, կխեղդվենք։ Սա ի՞նչ ստրկամտություն ու թերարժեքություն է։ Հետաքրքիր է, եթե Թուրքիան, Արցախի հարցը շահարկելով, սահմանը չբացի, պալատական սազանդարներն ի՞նչ են ասելու։ Ասելու են, թե թուրքը մնում է թու՞րք։ Էդ ժամանակ, երևի, Բաղրամյան 26-ից հրահանգ են իջեցնելու՝ թուրքական նաղլը փոխարինել ֆիդայական երգերով։

Էնքան կարճատես են, որ չեն հասկանում, որ Թուրքիայի հետ բաց սահմանի հարցը դարձնելով լավ ապրելու միակ երաշխիք՝ հետո, երբ դա չլինի, խայտառակ հուսալքության ու դեպրեսիայի են հասցնելու մեր հասարակությանը, իսկ իրենք էլ վարկաբեկվեն։ Մարդիկ կարող են մտածել, որ վերջ, այլևս ապրելու շանս չկա։ Ու որքան շատ մեզ մոտ քարոզվի ինքնաոչնչացնող քիրվայականությունը, այնքան կմեծանա թուրք-ադրբեջանական զույգի ախորժակն ու կկոտրվի հայ մարդու ոգին։ Չպետք է մոռանալ, որ Թուրքիան հայ-ադրբեջանական «սառը պատերազմի» անուղղակի մասնակից է, և եթե մենք նրան ասում ենք, թե առանց քեզ մենք ոչինչ ենք, ապա առնվազն միամտություն է կարծելը, թե Թուրքիան կշտապի սատարել մեզ և լքել Ադրբեջանին։

Եվ չնայած այս ամենին՝ ես լավատես եմ։ Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Քաղաքական դաշտը մաքրվում է, տարիներ շարունակ մեր կյանքը թունավորած գաղափարներն արժեզրկվում են մեր աչքի առաջ և ցույց են տալիս իրենց կործանարար բնույթը։ Մարդիկ վերջապես հասկացան, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Մինչև Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունենա բաց սահմաններ՝ շանս չի ունենա զարգանալու» թեզը։ Դա, ի վերջո, հանգեցնում է Հայոց ցեղասպանության ուրացման, Արցախի կորստին և Հայաստանի կապիտուլյացիային։ Հիմա այդ վտանգավոր միֆը պայթում է։

Համոզված եմ, որ կհաղթահարենք այս ճգնաժամը և մաքրված դուրս կգանք իրավիճակից։ Անկախ պետության առկայությունը մեզ վերջապես հնարավորություն պետք է տա ապավինելու ոչ թե հայի հետին, այլ առաջի խելքին։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ ԱԺ-ում ունեցած ելույթիս տեքստից դուրս հռետորական հարց բարձրացրեցի, ասելով, որ դիմում եմ հանրապետական կուսակցության իրական գաղափարակիրներին, որոնցից շատերն այս դահլիճում չեն. էս ի՞նչ օրն եք ընկել ու ստիպված եք քիրավայականություն քարոզել ու ասել բաներ, որոնց ինքներդ էլ չեք հավատում։ Իմ այդ խոսքերից հետո, դահլիճի առաջին շարքերում նստածներից ոմանք իրենց վրա վերցրին ոչ իսկական հանրապետական լինելն ու սկսեցին աղմուկ բարձարցնել՝ փորձելով խոչընդոտել ելույթս։ Բնականաբար դա իրենց մոտ չստացվեց։ Ճիշտն ասած այդ մարդկանց անունները չեմ իմանում և նրանց հեռուստատեսությամբ տեսել եմ միայն կոճակ սեղմողի պատվավոր դերում ու պատվիցս ցածր կհամարեի նրանց հետ բանավիճելը։ Բայց ես նրանց էլ եմ հասկանում։ Դահլիճում ահագին մարդ կար, ներկա էր նաև ղեկավարությունը և այդ «հերոսները», ձայնային անիմաստ էֆեկտներ ապահովելով, պետք է ցույց տային, որ իզուր չեն ըմբոշխնում իշխանական կերակրատաշտակի իրենց փայը։ Այդ մարդիկ քյաբաբանոցներում ահագին խոսելու թեմա կունենան հիմա՝ ասելով, որ պայքարում էին հանուն քիրվայության պատիվը գետնով չտալու համար։ «Անուշ» լինի...

Կից ներկայացված է ԱԺ–ում ունեցած ելույթիս տեսագրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: