Լրահոս

16.01.2015 12:27


Արամ Հարությունյան. «Ըստ էության, մենք չունենք իշխանություն»

Արամ Հարությունյան. «Ըստ էության, մենք չունենք իշխանություն»

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

–Գնալով հնչեղություն է ստանում այն տեսակետը, որ գյումրվա դեպքերից հետո երկրում ոչ միայն դե ֆակտո իշխանություն չկա, այլ նաև՝ դե յուրե։ Համամի՞տ եք այս տեսակետին։

–Իհա՛րկե. ըստ էության, կարծես թե Հայաստանում որևէ իշխանական ինստիտուտ չի գործում։ Մեր դատախազը, ասենք, իրենց սովորական աշխատողից կամ մեր ցանկացած պաշտոնյայից ավելի ենթարկվում է ռուսական իշխանություններին, բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ որևէ խոսք չի ասում կաթողիկոսը, որն, օրինակ, ցավակցում է Օլանդին։ Հուզումները հասկանալի են։ Ոչ միայն այդ ընտանիքի մասին է խոսքը, այլ որ սովորական քաղաքացիների հետ կապված էլ ինքը չկա։ Ըստ էության, մենք չունենք իշխանություն։ Այն ինստիտուտները, որոնք պետք է կանգնեին քաղաքացու կողքին, չկան։

–Ստեղծված իրավիճակում ումի՞ց և ի՞նչ պետք է պահանջեն ՀՀ քաղաքացիները։

–Ողբերգությունն այնպիսին է, որ շատ դժվար է այլ թեմաներից խոսել, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ այդ ամենը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանություն չկա, ոչ լեգիտիմ իշխանությունն էլ միշտ գործիք է դառնում կամ, համենայնդեպս, կամակատարն է դառնում դրսի՝ այլ պետությունների, և միակ ելքը իշխանափոխությունն է։

–Այսինքն, կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ իշխանափոխությունն այլևս այլընտրանք չունի։

–Իհա՛րկե, իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Մենք դա տեսնում ենք ցանկացած ոլորտում. այնպես չի, որ կարելի է ինչ–որ օրենքով կամ ինչ–որ տեսակետ հայտնելով՝ իշխանություններին ճիշտ ուղու վրա դնել։ Այդ վիճակն արդեն ժամանակավրեպ է։ Միակ ելքն իշխանափոխությունն է, և թեև կատարվել է ողբերգություն, չպետք է մոռանանք, որ միայն իշխանափոխության շնորհիվ երկիրը կդառնա նորմալ երկիր, և քաղաքացին կլինի պաշտպանված՝ զգալով, որ պետությունը կանգնած է իր թիկունքին։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը