Լրահոս

02.10.2009 14:24


ՀՀ վարչապետը «Պատվո շքանշաններ» է հանձնել ռոք երաժշտության աստղերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակում երկօրյա այցով Հայաստան ժամանած ռոք-երաժշտության աստղեր «Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ Իէն Գիլանին, «Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ Թոնի Այոմիին, «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսին եւ ,Ռոքն օգնում է Հայաստանինե նախագծի հեղինակ, ավստրալիական ,Do Somethingե բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դիին։ ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ նախագահի անունից Հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար «Պատվո շքանշաններ» է հանձնել ռոք երաժշտության աստղերին։
Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալ է շնորհել մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշին, որը ևս մասնակցել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծին, ինչպես նաեւ 1989թ. Smoke on the Water երգի ձայնագրությանը մասնակցած բոլոր երաժիշտներին եւ երգի համահեղինակներին։

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մեզ համար այսօր մեծ պատիվ է ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի պարգեւները հանձնել ձեզ։ Երկրաշարժից անցել է 20 տարի, բայց հայ ժողովուրդը մի կողմից խորը կսկիծով է հիշում այն կորուստները, որ ունեցել ենք, այն մարդկային զոհերը, որ եղել են, մյուս կողմից' մենք լցված ենք մեծ զգացմունքներով այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ օրերին մեզ հետ էին, եւ մենք զգացինք, որ աշխարհը շատ փոքր է։ Աշխարհի տարբեր մասերից մենք ստացանք օգնություն, եւ այսօր այն պահն է, երբ մենք ուզում ենք մեր շնորհալության խոսքը հայտնել ձեր միջոցով այն բոլոր մարդկանց, ովքեր մեզ օգնում էին։ Ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, թե աշխարհահռչակ երաժիշտներին, որոնց արվեստի երկրպագուն եմ եղել, պատիվ եմ ունենալու պարգեւներ հանձնել։ Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է։ Բարով եք եկել Հայաստան, ընդունեք իմ անկեղծ շնորհակալությունը ձեր ներդրման համար, ձեր մարդասիրական մոտեցման համար»։

Այս խորագրի վերջին նյութերը