Մեկնաբանություն

21.01.2015 13:31


Քրեականից մինչև քաղաքական մեկ Սերժ Սարգսյան է

Քրեականից մինչև քաղաքական մեկ Սերժ Սարգսյան է

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդն ակնհայտորեն քրեական բնույթ ուներ։ Կատարվել էր հանցագործություն։ Հանցագործը հայտնաբերվել էր, խոստովանել էր իր հանցանքը և պետք է սպասեր իր դատին։

Այլ՝ հավասար պայմաններում բոլորս կցնցվեինք տեղի ունեցածից, պատին դեմ կտայինք ՌԴ ռազմաբազայի ղեկավարությանը, կուռկուռի ձագ կսարքեինք նրանց, ՌԴ ղեկավարության հասցեին թուքումուր կթափեինք, կստիպեինք վերանայել զորքերի կազմավորման կարգը, Պուտինին ծնկաչոք ներողություն խնդրել կտայինք ու հանցագործին էլ կդատեինք Հայաստանում և պատիժն էլ կիրականացնեինք Հայաստանում։

Սա՝ արժանապատվություն, ողնաշար, ոչ ղումարբազային մտածողություն և լեգիտիմություն ունեցող իշխանությունների պարագայում։ Այլ է խնդիրը Սերժի դեպքում։

Պերմյակովի արածն այդպես էլ կմնար քրեական խրոնիկայում, եթե գործին չխառնվեր Սերժ Սարգսյանը։ Վերջինս որոշեց սեփական նախաձեռնությամբ քծնել Կրեմլին և առևտրի առարկա դարձնել Ավետիսյաններին՝ Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների արժանապատվության հաշվին։ Այդ պահից սկսած՝ հանցագործությունը քաղաքական տեսք ստացավ, քանզի ՀՀ քաղաքացիները տեսան, որ մեր երկրի արժեզրկման գնով ՀՀԿ ղեկավարն ուզում է հաճոյանալ Պուտինին և սակարկել դիակների ու հանցագործի թեմայով։

Կրեմլում էլ տեսան, որ գործ ունեն անինքնասեր ու վախեցած մեկի հետ, ուստի արհամարհանքով սկսեցին խոսել ինչպես Սերժի, այնպես էլ հայ ժողովրդի հետ։

ՌԴ նախագահի սխալ հաշվարկն այն էր, որ հաշվի չէր առել՝ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի ներկայացնում հայ ժողովրդին, թեև, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ Պուտինը հիմքեր ուներ մտածելու, որ եթե Սերժ Սարգսյանը կամովին հայտնվել է Կրեմլի «պադվալում», ապա դա ՀՀ քաղաքացիների հավաքական մոտեցումն է։ Դե, եթե Սերժին հանդուրժում ենք նախագահի աթոռին, ապա և՛ Արևմուտքում, և՛ ՌԴ–ում, և՛ աշխարհի բոլոր պետություններում կարող են մտածել, որ մեր ժողովրդի մակարդակը սա է, և ըստ այդմ էլ պետք է վերաբերվել ՀՀ քաղաքացիներին։

Վիրավորված արժանապատվության համար փողոց դուրս եկածները խառնեցին բոլորի խաղաքարտերը, և Պուտինը ստիպված եղավ հաշվի նստել հայ ժողովրդի հետ։ Կրեմլում հասկացան, որ կամովին ինքնանվաստացման գնացող Ս. Սարգսյանը կարող է «քաշել» իրենց, ու շտապեցին վերանայել արհամարհական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։

Ինչ մնում է Սերժ Սարգսյանին, ապա նա ավարտված գործիչ է բոլոր առումներով՝ մարդկային, քաղաքական և այլն։

Բաղրամյան 26–ից հիմա քաղաքական դիակի գարշահոտություն է փչում, ու որքան շուտ մաքրվի տարածքը, այնքան լավ։

Սերժ Սարգսյանն այլևս «քաղաքական բորոտի» կարգավիճակ ունի։ Նա պետք չէ որևէ մեկին՝ ո՛չ ՀՀ քաղաքացիներին, որոնք հիմա միայն հայհոյախառն բառերով են արտահայտվում նրա հասցեին, ո՛չ իր թիմակիցների մեծ մասին, որոնք պատերի տակ ու առանձնազրույցներում ոչ պակաս հայհոյախառն բառեր են շռայլում իրենց ղեկավարի հասցեին, ո՛չ ՌԴ–ին, որը Սարգսյանի պատճառով վարկաբեկվում է ՀՀ քաղաքացիների մոտ, և կանգնում Հայաստանը որպես գործընկեր կորցնելու վտանգի առաջ, ո՛չ Արևմուտքին, որը «քցվել» է Սարգսյանից, և որը չկարողացավ Հայաստանը Սերժի ձեռքերով մանրադրամ սարքել ՌԴ–ի հետ հակամարտության խաղում։

Սերժի համար հիմա դողում են միայն Թուրքիայում ու Ադրբեջանում, քանզի այնտեղ հասկանում են, որ նրա հեռացմամբ Հայաստանում քաղաքականություն է փոխվելու, որը ձեռնտու չի լինելու իրենց։ Բայց դե, ՀՀ քաղաքացիները հո չե՞ն կարող առաջնորդվել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերով՝ մեր երկրի ղեկավարի աթոռին հանդուրժելով միայն ավերածություններ բերող Սերժ Սարգսյանին։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը