Քաղաքական

23.01.2015 15:14


Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանում իշխանություն և իրավական համակարգ գոյություն չունեն»

Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանում իշխանություն և իրավական համակարգ գոյություն չունեն»

Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մասին, նշել է. «Սահմանադրական դատարանի նախագահը, մեծ գիտնական–իրավաբաններ, որոնք իրենց հռչակում են, այս օրերին գյուղ–գյուղ ընկած՝ Հայաստանում սահմանադրական փոփոխության այդ թեզի տակ ինչ իրավագիտական վերլուծություններ ասես՝ անում են։ Լավ, այդ նույն ՍԴ նախագահը, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը վերջապես կարո՞ղ են ձևակերպել՝ իրավական տեսանկյունից ինչ է տեղի ունեցել։ Արդյոք այն քննությունը, որն իրավական առումով մեր օրենքների, Սահմանադրության, Ռուսաստանի օրենքների, Սահմանադրության, մեր պայմանագրերի համաձայն ընթանում է, ճի՞շտ է, թե՞ սխալ»։

Ինչ վերաբերում է Գյումրու ողբերգական դեպքերի կապակցությամբ երեկվա խորհրդարանական լսումներին, բանախոսը նշել է, որ այդ դեպքերից 10 օր հետո դատախազը նշում է, թե կճշտեն, եթե պարզվի, որ կալանավորման ժամանակ ռուսական կողմը թույլ է տվել ինչ–որ խախտումներ. «Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում հանրապետության գլխավոր դատախազը»։

Իսագուլյանի խոսքերով՝ Հայաստանում իշխանություն և իրավական համակարգ գոյություն չունեն. գործը չպետք է հասներ նրան, որ մի ամբողջ ընտանիք ոչնչացրած հանցագործը հայտնվեր ռուսական ռազմակայանում, այլ ոչ թե ՀՀ համապատասխան մարմինների վերահսկողության տակ։

Անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածությանը՝ Իսագուլյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացա՛ծ խնդրի լուծման, որը կարող է առաջանալ թե՛ ղարաբաղա–ադրբեջանական, թե՛ հայ–թուրքական սահմանին։ Ըստ նրա՝ այդ գործում պետք է իրենց դերակատարությունն ունենան թե՛ հայ հասարակությունը, թե՛ երկրի իշխանությունները.

«Իշխանությունները, ցավոք սրտի, վերջին տարիներին, բացի խոսքից, գործնական կյանքում որևէ լուրջ քայլ՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ հասարակության սոցիալական վիճակի բարելավման, թե՛ ներքաղաքական իրավիճակը թուլացնելու առումով, չեն արել, իսկ սխալը սխալի հետևից կատարելով (նաև՝ արտաքին քաղաքականության մեջ)՝ մեր վարկանիշն արտաքին աշխարհում պարզապես գցում են։ Եվ այս ամենի արդյունքում ցանկացած պետություն, որը քեզ հետ որոշակի խնդիրներ ունի, փորձելու է դրսևորել ակտիվություն»։

Բանախոսի կարծիքով Ադրբեջանի ակտիվությունը բացարձակապես պայմանավորված է մեր երկրի պասիվությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը