Հարցազրույց

23.01.2015 18:05


Գառնիկ Իսագուլյան. «Այդ աստիճանի կուրությունը, իրականությունը չտեսնելը հանգեցրել են այս իրավիճակին»

Գառնիկ Իսագուլյան. «Այդ աստիճանի կուրությունը, իրականությունը չտեսնելը հանգեցրել են այս իրավիճակին»

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–Սերժ Սարգսյանի և նրա թիմի իշխանության գալուց հետո ակտիվ քարոզ էր տարվում ՀՀԿ–ի՝ «Խաղաղության» կուսակցություն լինելու մասին։ Վերջին տարիներին նկատվում է սահմանային լարվածության զգալի ակտիվացում։ Կարո՞ղ ենք փաստել, որ իշխանությունը սխալվել է իր քարոզում, և դուրս եկավ, որ ՀՀԿ–ն «Պատերազմի» կուսակցություն է։

–Մի կուսակցություն, որը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, որն իշխանություն պահելու համար պատրաստ է ամեն ինչի, չի կարող լինել «խաղաղության» կուսակցություն, և հավատացե՛ք, որ այսօրվա բոլոր ողբերգությունների հիմնական պատճառը՝ թե՛ սահմանում տեղի ունեցող, թե՛ երկրի ներսում, պայմանավորված է հենց Հանրապետական կուսակցությամբ։ Իրենք կա՛մ դա չեն գիտակցում, կա՛մ չեն ուզում, որ գիտակցեն։ Եթե մենք լինեինք ուժեղ կազմակերպված պետություն, ամեն մի պաշտոնյա իր տեղում լիներ, ապա, հավատացե՛ք, այս վիճակները չէին լինի։ Այնտեղ (սահմանին) կլինեին կանխարգելիչ հարվածներ։

Երեկ «Կենտրոնով» խոսում էր Եվրախորհրդի նախկին անդամը. նայե՛ք՝ ինչեր էր ասում Հայաստանի մասին. ինչպե՞ս կարելի է չորս տարի բանակցել Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի շուրջ և հանկարծ երեք օրում թռնել Մոսկվա։ Կամ բաներ էր պատմում մեր արտաքին քաղաքականությունից, որ երևի մեր հասարակությունը տեղյակ չի։ Դրա համար ասաց, որ Հայաստանին Եվրոպայում լուրջ չեն վերաբերվում։ Մեր հեռուստատեսությունը ներկայացնում է, թե մենք Եվրոպայի հետ նոր բան ենք սկսել, և ամեն ինչ բարեհաջող գնում է։ Դա Եվրոպայի ներկայացուցիչն էր, երեկ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր։ Միացրե՛ք, նայե՛ք՝ ինչ էր ասում։ Այդ մարդն այն մարդն էր, որը ներկայացնում էր Եվրամիությունը, Եվրախորհրդարանը։

–Խոսեցիք Եվրոպայից։ «Ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ փուլում Սերժ Սարգսյանը գնում էր Եվրոպա, հանդիպում Արևմուտքի քաղաքական գործիչների, առաջին դեմքերի հետ, անգամ՝ հյուրընկալվում և լուսանկարվում Անգլիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Ինչպե՞ս ստացվեց, որ արքայազն Չարլզն ընդունեց ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին մասնակցելու Էրդողանի հրավերը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության 100–ամյակին ներկա գտնվելու. չէ՞ որ Սերժ Սարգսյանն անգամ անգլիական թագուհու ձեռքն է սեղմել։

–Նորից եմ կրկնում՝ նույն կոնտեքստի մեջ պետք է որոնել։ Հայաստանը, ցավոք սրտի, այսօր չունի իշխանական համակարգ, և եթե մենք շարունակենք նույն կերպ մեզ պահել, վաղը պետականություն էլ չենք ունենա։ Սա բացարձակ «դեմոնստրացիա» է հայաստանյան իշխանություններին նրանց վերաբերմունքի առումով։ Բայց, ցավոք սրտի, դա անդրադառնում է հայ ժողովրդի և հայոց պետականության վրա։ Նրանք պետք է հասկանան, որ այլևս նրանց ամեն մի օրը վնասում է թե՛ մեր պետականությանը, թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր շահերին։ Մասնակցում են փոքրիկ ծնունդների, փոքրիկ քեֆերի, հարսանիքների, ցանկացած թաղման։ Գյումրիի այս դեպքերի հետ կապված՝ ես որևէ մեկին այդ մարդկանցից չտեսա, մինչդեռ սա ազգային ցավ էր, մեծ ողբերգություն էր։ Չէին բարեհաճո՞ւմ, թե՞ վախենում էին. եթե մարդ սեփական ժողովրդից վախենում է նույնիսկ այդ պահին, ապա նա երկիրը ղեկավարելու իրավունք չունի։

Սահմանային լարված իրավիճակի, սահմանին զոհվող մեր զինվորների համար ո՞վ է պատասխանատու. ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք կանխելու համար։

–Բնական է՝ երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, ՀՀ ՊՆ ղեկավարը և մնացած պատասխանատուները՝ ըստ աստիճանակարգի, որովհետև խոսել, որ մեր բանակն ուժեղ է, մենք ամեն ինչ անում ենք, որ մեր բանակի նկատմամբ որևէ բացասական բան չգնա, բայց պարտավոր ենք նաև իրական աչքերով նայել, որ վաղը չհայտնվենք մի վիճակում, որ ինքներս մեզ խաբելու պատճառով կրում ենք ծանր կորուստներ։ Եթե կանխարգելիչ հարվածներ պետք է հասցնել, պետք է հասցնել։

Իսրայելը 1948 թվականին նկուղում հայտարարեց իրենց անկախության մասին, 1967թ.՝ 19 տարի հետո, վեցօրյա պատերազմում հաղթեց հինգ արաբական հզոր պետության և իր տարածքը 3.5 անգամ մեծացրեց։ Բայց եթե հաշվում ենք 48 թվականի Իսրայելի պոտենցիալը ու մերը՝ 1994 թվականին, երբ Հայաստանը փայլուն հաղթանակ տարավ, մենք հազարավոր անգամներ գերազանցում ենք այդ ժամանակվա Իսրայելին։ Բայց նա 19 տարի հետո հաղթում է 5 հզոր արաբական պետության՝ ավելացնելով տարածքը, իսկ մենք 21 տարի հետո ի՞նչ վիճակում ենք հայտնվել։ Բանակն այսօր չենք կարողանում համալրել. դա նրանից է, որ հանրապետականների պատասխանատուներն ասում են՝ գիտեք, վայենկոմատների առաջ հերթ է... կամ՝ մանկապարտեզներում հերթ է, տեղ չկա, որովհետև երեխեքն այդքան շատ են։

Այդ աստիճանի կուրությունը, իրականությունը չտեսնելը հանգեցրել են այս իրավիճակին։ Այսօր ես վստահ եմ, որ որևէ մեկը վախենում է զանգի Ռուսաստանի ղեկավարին, և ասի, թե գիտեք՝ ինչ, մեզ մոտ այսպիսի պահանջ կա, և այդ պահանջը պետք է բավարարել, այլապես սա տեղի կունենա։ Որովհետև Եվրոպան իրեն այլևս չի ընդունում, աշխարհը չի ընդունում, մնացել է Ռուսաստանը. հանկարծ մի բան չանեն։ Ի՞նչ է նշանակում սպասել, մինչև Պուտինը ցավակցի, հետո նոր ինքդ ցավակցես։ Հիմա ինձ ուզում են համոզել, որ չէ, մերոնք մինչ այդ ցավակցություն են հայտնել։ Մենք վախենում ենք ճշմարտությանը նայելուց։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը