Մեկնաբանություն

26.01.2015 17:00


Իսկ դուք կփոխեի՞ք Սերժ Սարգսյանին ...

Իսկ դուք կփոխեի՞ք Սերժ Սարգսյանին ...

2008թ. նախագահական «ընտրությունների» ու «Մարտի 1»–ի միջոցով հայտնվելով Բաղրամյան 26–ում՝ Սերժ Սարգսյանն ակտիվորեն շրջանառության մեջ դրեց «Ես ոչ թե Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն եմ, այլ նրա զոհը. ես հանդուրժող եմ, բարի, արևմտամետ և ազատամիտ, պարզապես ինձ ժամանակ տվեք և կտեսնեք, թե ինչքան լավն եմ ես, ու ինչպես եմ շահեկանորեն տարբերվում չար Քոչարյանից» կոդը։

Մեկ կենտրոնից կառավարվող քարոզչագործիքներն ու քաղաքական հաճախորդները Սարգսյանին դնում էին Քոչարյանի կողքին ու, վերջինիս համեմատ, դրական հատկանիշներ վերագրում ՀՀԿ ղեկավարին։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, կարծես մարտի մեկին ոչ թե Սերժն է ղեկավարել արտակարգ շտաբը, այլ ինչ–որ այլմոլորակայիններ, որոնց այստեղ է հրավիրած եղել Քոչարյանը։ Սարգսյանը ներկայացվում էր ոչ թե Քոչարյանի նախագահության շրջանում առանցքային պաշտոն զբաղեցնող և դե ֆակտո երկրորդ դեմք հանդիսացող սուբյեկտ, այլ գրեթե ընդդիմադիր գործիչ։

Տպավորություն էր ստեղծվել նաև, թե, իբր, Սերժ Սարգսյանը մարտի մեկին տանը բարձի տակ հոնգուր–հունգուր լացել է, դեմ է եղել ուժի կիրառմանը, բայց հետագայում՝ Քոչարյանի ճնշման տակ, ստիպված է եղել գնալ նախագահական նստավայր ու բազմել նախագահի աթոռին։

Սկզբնական շրջանում ահագին «կուտ ուտողներ» եղան։ Դրան էին նպաստում նաև բացահայտ իշխանական լրատվամիջոցները (առավելապես՝ հեռուստաընկերությունները), «անկախ» մամուլը և կայքերը, ինչպես նաև ընդդիմադիր շրջանակները, որոնց հաշվարկը համընկել էր իշխանությունների շահի հետ։

Շատ չանցած, սակայն, բոլորը հասկացան, թե ինչպիսի քարոզչափուչիկ է փչվել Բաղրամյան 26–ում։ Հասկացան ու տեսան, որ Սերժ Սարգսյանն իրոք տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից, բայց ոչ թե լավ, այլ վատ իմաստով։

2008թ. այսկողմ՝ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքական կյանքում արձանագրված խայտառակ ձախողումներն անգամ քաղաքականապես անմեղսունակների աչքերը բացեցին, ու մարդիկ հասկացան, թե հանուն անձնական շահերի՝ ինչպիսի ավերածություններ են գործել Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը։

Ու հիմա առնվազն քաղաքականապես անգրագետ (եթե չասենք՝ Գեղամյանի հոգեզավակ) պետք է լինել Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի համեմատ չարյաց փոքրագույն ներկայացնելու համար։

Այդ ո՞ր հարցում է Սերժը չարյաց փոքրագույն. որ ՀՀ տնտեսությունը տարիներով հե՞տ է շպրտել, որ այլոց բիզնեսում ուղղակի կամ անուղղակի ձևով փայ մտնելը դարձրել է խաղի կանո՞ն, որ Հայաստանն աշխարհով մեկ դարձրել է ծաղրի առարկա՞, որ հնարավորություն է տվել Ալիևին լկտիանա՞լ, որ Հայաստանին նվաստացնելու հիմքե՞ր է ստեղծել Էրդողանի համար, որ թափառաշրջիկային արտաքին կո՞ւրս է որդեգրել, որ արտագաղթը հասցրել է աղետալի չափերի՞, որ ...

Մի խոսքով, «Սերժ Սարգսյանը համեմատության մեջ լավն է» պլաստինկան վաղուց շարքից դուրս է եկել, ինչպես որ շարքից դուրս է եկել Սերժ Սարգսյանի նեղ թիմը։

Գյումրիի դեպքերն էլ ցույց տվեցին, որ Հայաստանում իշխանություն չկա։ Կան մի խումբ մարդիկ, ովքեր զավթել են աթոռները և հարստանում են պետության անցյալի, ներկայի ու ապագայի հաշվին, և որոնց պետք է հեռու պահել պետական կառավարման համակարգից։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը