Կարծիք

27.01.2015 00:16


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Սպանության գործով կասկածները խորանում են, իսկ իշխանությունը թիվ մեկ թշնամի է համարում միտինգ անողին

Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հայտարարությունից հասկացանք, որ մեր ոստիկանությունն ունի նաև վարկած, որ Պերմյակովը մենակ չի գործել: Բայց այդ վարկածը համացանցում ու լրատվամիջոցներով շրջանառվում էր այդ ոճրագործության կատարման մասին տեղեկատվություն ստանալու պահից, իսկ մեր իրավապահներն ասում էին, թե ձեր գործով զբաղվեք ու ոչ պրոֆեսիոնալ դատողություններ մի արեք: Ավելին, նույն փոխոստիկանապետը նախորդ անգամ ներկայացրեց, թե գործ ունենք մի ոչ ադեկվատ ստահակի հետ, ու մեզ արդեն համոզում էին, որ նա մենակ է գործել, ու շուտով կպարզվի, որ հոգեկան հիվանդ է:

Ուստի բնական է, որ այսօրվա հայտարարությունը ստիպեց մեր անպատասխան մնացած հարցերը թարմացնել: Եթե հավանական է, որ Պերմյակովը մենակ չի գործել, ու ենթադրյալ հանցագործները հայտնաբերված չեն, ուրեմն մենք ինչպե՞ս կարող ենք հանգիստ լինել, երբ փողոցում շրջում է ենթադրյալ զինված հանցագործը, օրորոցում երեխա գնդակահարողը, որի ինքնությունը պարզված չէ:

Երկրորդ՝ մինչև օրս մեր իրավապահները մի նորմալ վարկած չեն հրամցրել, որպեսզի մարդիկ այս սպանդի արդյունքում, կորստի ցավից բացի, նաև իրենց սրտերում անհանգստություն չունենան, որ նման դեպք կարող է իրենց հետ էլ պատահել:

Միտքս պարզաբանեմ: Եթե ես իմանում եմ, որ մտել են հարևանիս կամ համաքաղաքացուս տուն, ու բոլորին ոչնչացրել, ու տեղյակ եմ դրդապատճառից, որքան էլ կորստի ցավը մեծ լինի, չեմ մտածում, որ նման ոճրագործություն կարող է իմ ընտանիքի հետ պատահել, քանի որ այդ ընտանիքն, օրինակի համար, զբաղվում էր թմրանյութերի կամ զենքի առևտրով, և քանի որ մեր ընտանիքը դրանով չի զբաղվում, կարող ենք հանգիստ քնել: Բայց երբ այսքան օրվա ընթացքում դեռ այդպես էլ չգիտենք, թե Ավետիսյանների ընտանիքն ինչու վերացրեցին, բնական հարց է առաջանում՝ ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ մեր տուն չեն մտնի: Այսինքն, այսօր բոլորս ենք հարվածի տակ, ու ոչ միայն գյումրեցիները:

Մյուս հարցը, որ մեզ հանգիստ չի տալիս: Եթե Պերմյակովին բռնել են սահմանապահները, ուրեմն նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվեր նաև այդ հանգամանքի հիման վրա: Բայց ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմը նման գործ չի հարուցել: Ուրեմն հարց է առաջանում՝ ինչպե՞ս են բռնել Պերմյակովին, և որտե՞ղ են բռնել, որ դա չի համարվել սահմանի խախտում, և ո՞վ է բռնել, քանի որ, եթե սահման չի խախտել, ինչո՞ւ են սահմանապահները բռնել ու հանձնել 102-րդ ռազմաբազային:

Պարզ է, չէ՞, որ եթե քրեական գործ հարուցվեր, ապա պետք է մեղադրեին սահմանապահներին, թե ինչու եք խախտել օրենքը, իսկ նրանք էլ թույլ չէին տա, որ իրենց հանիրավի մեղադրեին, ու կասեին, որ իրենք դրա հետ կապ չունեն: Իսկ հիմա հրաշալի պայմանավորվել են. կասեն, որ սահմանապահներն են բռնել, նրանց գովեստի կարժանացնեն, որ զգոն են եղել, բայց քրեական գործ չեն հարուցի, որպեսզի նրանք ստիպված չլինեն պարզաբանել, թե ինչու չեն սահմանախախտին հանձնել մեր իրավապահներին:

Եվ ստացվեց այնպես, որ մինչ օրս մնաց այն կասկածը, որ մեր իրավապահներն են բռնել ու հանձնել ռուսներին, ու առաջին օրերին իրենց իրարամերժ պարզաբանումներով փորձեցին ժողովրդին հանգստացնել, իրականում բորբոքեցին ու փողոց հանեցին, բախումներ հրահրեցին, հետո էլ վիրավոր ոստիկանին բնակարան նվիրեցին, իսկ տխրահռչակ փոխոստիկանապետն էլ արդարացիորեն վրդովված մարդկանց 80 տոկոսին «հարբած» որակեց: Բայց մինչ օրս առանձնահատուկ դաժանությամբ աչքի ընկնող հանցագործը(ները) ազատ շրջում է(են) քաղաքում, ու չգիտենք, թե ինչի համար է(են) մարդկանց անկողնում սպանում:

Եվ վերջապես, թշնամու գնդակից սահմանի վրա վիրավորված մեր բոլոր զինվորները բնակարաննե՞ր են ստանում: Չէ, ի՞նչ նեղություն, դա նրանց պարտքն է՝ զոհվել կամ վիրավորվել հանուն հայրենիքի, ու դրա դիմաց մի մեդալ կստանան ու կբավարարվեն: Ու եթե մեր երկրում իշխանության թիվ մեկ հակառակորդը միտինգ անողն է, և այդ միտինգ անողին դեմ դուրս եկող ոստիկանը բնակարանով է պարգևատրվում, ապա սահմանի վրա դեռ շատ զոհեր ենք ունենալու:
Ուշքի եկեք, պարոնա՛յք սպաներ. վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը՝ այս իշխանությունների մեղքով ու ձեր թողտվությամբ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1533435100261605&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը