Լրահոս

27.01.2015 13:05


ՀՀ պաշտպանության նախարար. «Բերեք Պերմյակովին և ՀՀ ու ՌԴ համատեղ խմբին հանգիստ թողնենք»

ՀՀ պաշտպանության նախարար. «Բերեք Պերմյակովին և ՀՀ ու ՌԴ համատեղ խմբին հանգիստ թողնենք»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանների ընտանիքի սպանդն իրականացնելու մեջ մեղադրվող ռուս զինվոր Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց բարձրացվե՞լ է։

Հանդիպման ժամանակ այդպիսի հարց չի եղել. հարց է եղել՝ գործող բոլոր համաձայնագրերի և իրավական նորմերի համաձայն՝ կարողանանք իրականացնել ողջ գործընթացը։ Այդ ժամանակ Բախինն ասում էր, որ եթե դեպքն այստեղ է կատարվել, ճշտենք իրավական բոլոր կետերը, և այդպես էլ իրականացնենք,–ասել է Ս. Օհանյանը։

Սակայն թե ինչու չեն բարձրացրել ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցը, ինչը պայմանագրի խախտում է, ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարվել է պատասխանել.

–Բերեք Պերմյակովին և ՀՀ ու ՌԴ համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետև բավականին լուրջ աշխատանք իրենք ունեն կատարելու, և, ի վերջո, պետք է իմանան՝ Պերմյակո՞վն է արդյոք կատարել, թե՞ ինչ–որ ուժեր կան, որոնք կանգնած են նրա հետևում և այլն։ Այստեղ շատ–շատ խնդիրներ կան, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, և մենք՝ ոչ ես, ոչ էլ՝ դուք, իրավունք չունենք մտնել այդ մասնագիտական մանրուքների մեջ, որտեղ պետք է աշխատեն իրավական ոլորտի ներկայացուցիչները։

Ս. Օհանյանը նաև հավելել է, որ Գյումրիում տեղակայված ՌԴ 102–րդ ռազմաբազան ավելի գլոբալ անվտանգության խնդիր է լուծում տարածաշրջանում՝ հատկապես հաշվի առնելով մեր հարևան Թուրքիայի առկայությունը։

Ինչ վերաբերում է լուրերին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իշխանություններից պահանջում է Ռուսաստանին հանձնել ադրբեջանցի դիվերսանտ, Ռուսաստանի քաղաքացի Ասկերովին, Ս. Օհանյանը նշել է, որ տեղյակ չէ այդ պահանջից։

–Բայց միջազգային պրակտիկայում միշտ էլ եղել են դեպքեր, երբ դատապարտվածներն իրենց պատիժը կրել են մի մասը այս հատվածում, մի մասը՝ այն։ Իսկ այդ հարցը իրենք կարող են քննարկել ԼՂՀ ղեկավարության հետ,–այդուհանդերձ, հավելել է ՀՀ ՊՆ–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը