Լրահոս

03.10.2009 14:42


Սերժ Սարգսյանի այցը կբոյկոտեն նաև Նյու Յորքում

Ինչպես հաղորդում է StopTheProtocols.com հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների բոյկոտման կայքը, հոկտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ սփյուռքահայ օջախներում մեկշաբաթյա այցելությունների շրջանակներում Նյու Յորքում նախատեսված այցելությունը կբոյկոտվի։ Կայքը ներկայացրել է տեղի ունենալիք բողոքի ակցիայի կոչը, որում մասնավորապես ասվում է.

«Արևելյան Ամերիկայի հայկական համայնքը պիկետ կանի «The New York Palace Hotel»-ի դիմաց, որտեղ Սերժ Սարգսյանը կհանդիպի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու և պատասխաններ լսելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ։ Այս շաբաթ օրը կայանալիք պիկետը մեր վերջին հնարավորությունն է նախագահ Սերժ Սարգսյանին մեր դիրքորոշման մասին տեղյակ պահելու համար»։

«Արևելյան Ամերիկայում ապրում են 1915-ից փրկված հայերի սերունդները, որոնք ներկայացնում են հնագույն հայկական գաղթօջախներից մեկը։ Նրանք բոլորը նվիրված են եղել ու շարունակում են մնալ հայապահպանության և Հայաստանի ամրապնդման գործընթացին, ինչպես նաև Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունների ճանաչմանն ու ներողության հայցմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ կայքի հաղորդմամբ սեպտեմբերի 30-ին նախաստորագրված արձանագրությունների բողոքման ակցիա է տեղի ունեցել Մոնրեալում, իսկ երեկ Տորոնտոյում երիտասարդական հավաք է եղել նույն թեմայով։

Այս խորագրի վերջին նյութերը