Լրահոս

27.01.2015 17:24


Մամուլի հաղորդագրություն ՄԱԿ-ի գրասենյակից Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ

Մամուլի հաղորդագրություն ՄԱԿ-ի գրասենյակից Հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և հրեական համայնքի հետ համատեղ, մասնակցեց հանդիսավոր արարողության՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը «Առագաստ» սրճարանի մերձակա այգում ծաղկեպսակ դրեցին Հոլոքոստին նվիրված հուշարձանին՝ աղոթքների և մոմավառության ուղեկցությամբ:

Միջոցառումը շարունակվեց Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ ցուցադրված էին Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վավերագրական դրվագները պատկերող պաստառներ, թեմային վերաբերող մրցանակակիր պլակատներ, ինչպես նաև հրատարակություններ ՄԱԿ-ի տեղեկատու գրադարանից և Ազգային գրադարանի պահոցից: Ազգային գրադարանի միջոցառումների դահլիճում, որտեղ ներկա էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ և երիտասարդներ Երևանի դպրոցներից ու համալսարաններից, ՄԱԿ-ի, Արտաքին գործերի նախարարության և հրեական համայնքի ներկայացուցիչներն անդրադարձան նացիստների կողմից գլխավորապես՝ հրեաների, նաև՝ քաղբանտարկյալների, խորհրդային ռազմագերիների, գնչուների, միասեռականների, հաշմանդամ մարդկանց և Եհովայի վկաների զանգվածային սպանություններին:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին՝ միջազգային այս օրը մեզ հնարավորություն է տալիս վերաhաստատել միջազգային հանրության հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկելու հակասեմիտականության, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ և թույլ չտալու, որ ապագայում տեղի ունենան նման բռնություններ»:

70 տարի է անցել Աուշվից-Բիրկենաուի նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարի ազատագրումից. վայր, որտեղ նացիստները կիրառեցին «արդյունաբերականացված սպանդի» սահմռկեցուցիչ գաղափարը: Խոսելով այդ ողբերգական իրադարձությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին՝ ռաբբի Գերշ-Մեիր Բուրշտեյնը և հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը կարևորեցին հանդուրժողականության դասերը հատկապես երիտասարդների համար: Ցեղասպանության և բնաջնջման այդ անմարդկային գործողությունների մասին խոսելը ճանապարհ է՝ կանխելու մերօրյա հանցագործությունները և ցեղասպանության, ատելության, խտրականության ու այլատյացության դրսևորումները:

Քանի որ այս տարվա հիշատակի օրվա թեման է «Հոլոքոստը վերապրած մարդկանց ազատությունը, կյանքը և ժառանգությունը», ցուցադրվեցին նաև ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի պատրաստած ֆիլմերը, որոնցից մեկը վերապրածների և վետերանների վկայությունների վրա հիմնվելով պատմում էր Աուշվից-Բիրկենաուի ազատագրման մասին, իսկ մյուսն անդրադառնում «Հոլոքոստը և ՄԱԿ-ը» իրազեկման ծրագրի10-ամյակին:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրամադրվեցին Հոլոքոստի վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Օրը եզրափակվեց հայաստանաբնակ հանրաճանաչ հրեա երգահան, հրեական մշակույթի «Մենորա» կենտրոնի ղեկավար Վիլլի Վայների հեղինակած թախծոտ երաժշտությամբ:

Միջոցառման գլխավոր կազմակերպիչները ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը և Հայաստանի ազգային գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանն էին: Հիշատակի այս օրը ուսոցողական-իրազեկող միջոցառման միջոցով նշելը նպատակ ուներ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել ողբերգությանը՝ այդպիսով նպաստելով ապագայում ցեղասպանությունների կրկնության կանխարգելմանը:

Այս խորագրի վերջին նյութերը