Քաղաքական

30.01.2015 14:58


«Եռյակը» հաջորդ շաբաթ ԱԺ մի քանի արտահերթ նիստ կնախաձեռնի

«Եռյակը» հաջորդ շաբաթ ԱԺ մի քանի արտահերթ նիստ կնախաձեռնի

Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ում ավարտվել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» դռնփակ նիստը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ օրակարգում եղել է 5 հարց։

Առաջինը կապված է եղել «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ։ Երեք քաղաքական ուժերով որոշել են, որ երկուշաբթի՝ ժամը 18:00–ին, ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։

–Քիչ հետո կվերցնենք ձևաթուղթը և կներկայացնենք ԱԺ ղեկավարությանը։ Երեք ուժերի կողմից լիազորված եմ հայտարարելու, որ մենք աջակցում ենք անհատ ձեռներեցներին, և կողմ ենք այս օրենքի կասեցմանը։ Մենք նաև պետք է խնդրենք քաղաքացիներին, որ արտահերթ նիստի ժամանակ լինեն ԱԺ–ի դիմաց։ Իսկ մինչ արտահերթը կառաջարկենք, որ երկուշաբթի ԱԺ նախագահի մոտ հանդիպում լինի, որին մասնակցեն թե՛ Կառավարության ղեկավարը, թե՛ ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս,–ասել է Ռ. Հակոբյանը,–փոքր և միջին բիզնեսը մտնում է Կարմիր գիրք, և մենք ասում ենք՝ օգնենք, որ կարողանան աշխատել, այլ ոչ թե փախնեն երկրից։ Եթե մարդիկ կան, որ սա քաղաքական շահարկում են համարում, ուրեմն կա՛մ ոչինչ չեն գիտակցում, կա՛մ համառություն ունեն, թե՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ։

«Եռյակի» կողմից քննարկված երկրորդ հարցը վերաբերել է Գյումրիի ողբերգական դեպքին։ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունն» առաջարկում են, որ այդ հարցով կրկին լսումներ հրավիրվեն, բայց այս անգամ՝ փակ ձևաչափով։

Այս ոճրագործությունն ավելին է, քան իրավական դաշտը։ Մենք նաև դեմ ենք, որ այն վերածվի շոուների և շահարկումների։ Այդ լսումներին պետք է մասնակցեն արտգործնախարարը, ոստիկանապետը և ԱԱԾ ղեկավարը։ Ուրբաթ օրն ենք առաջարկում կազմակերպել լսումները,–նշել է Ռ. Հակոբյանը։

Նաև որոշվել է որպես արտահերթ հարց ԱԺ օրակարգում ներառել կառավարման ճգնաժամի մասին հարցը։

«Եռյակը» հրաժարվելու է մասնակցել ԱԺ առաջիկա քառօրյայում ձևավորվելիք հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես և վարվում էր նախկինում։

Ինչ վերաբերում է մասսայական միջոցառումներ կազմակերպելու հարցին, ապա այն, Ռ. Հակոբյանի խոսքերով, կքննարկեն արտահերթ նիստերի ընթացքից ելնելով։

–Եթե արտահերթը չգումարվի, կամ չլինի ցանկալի ավարտը, ապա կքննարկվի զանգվածային միջոցառումների հարցը։ Իսկ փետրվարի 5–ից հետո նախատեսվում է երեք առաջնորդների հանդիպում, և հետագա քայլերը կորոշվեն այդ հանդիպման ժամանակ,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով.

–Բոլոր նրանք, ովքեր ուզում են հակադրություն տեսնել շտաբների ձևավորման և մասսայական միջոցառումների միջև, սխալվում են։ Դրանք զուգահեռ գործողություններ են, և հիմա եկել է երկուսի համադրման պահը։ Բայց առաջիկա «ճանապարհային քարտեզի» մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Թեժ գարուն, գոլդ ձմեռ. այդ տերմինները չգիտեմ՝ ով է գցում շրջանառության մեջ, բայց որ պետք է համարժեք քայլեր ձեռնարկել այս վիճակից դուրս գալու համար, այդ քայլերը կձեռնարկվեն։ Իշխանափոխության պահանջը միշտ էլ եղել է և շարունակում է մնալ «եռյակի» օրակարգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը