Կարծիք

31.01.2015 10:40


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը և պատմաբանների հանձնաժողովը

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը ցավալի հետևանքների հանգեցրեց թե՛ Հայաստանը, թե՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Որքան էլ մեզ համար ցավալի լինի, իրականությունն այն է, որ հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ «գրողի ծոցը չուղարկվեցին», բայց փոխարենը՝ լուրջ հարված հասցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

ԱՄՆ-ից սկսած՝ բոլոր երկրները «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո հասկացնում են, որ չեն ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Սակայն մենք լավ գիտենք, որ իրականում ոչ մի գործընթաց էլ չկա. սահմանն ինչպես փակ էր, այնպես էլ փակ մնաց: Ցեղասպանության հարցն էլ Սարգսյանի թեթև ձեռքով հանվեց օրակարգից:

Մինչ «թիվ մեկ բանասեր» Սերժ Սարգսյանը «երկու, երեք, չորս» էր թվարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի կետերը, Թուրքիան գործնական քայլեր էր ձեռնարկում՝ շեղելու իր համար անհաճո խնդիրը:

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտությունը հանգեցրեց նրան, որ հարցականի տակ դրվեց Հայոց ցեղասպանության եղելության փաստը. հարց է առաջանում՝ ե՞րբ, ինչպե՞ս: Այսպես վեց տարի առաջ Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա բացահայտել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանված «ճանապարհային քարտեզի» հիմնական սկզբունքները, որոնցից մեկը պատմաբանների հանձնաժողով ստեղծելն էր: Հարկ ենք համարում նշել՝ չնայած նրան, որ փաստացի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ոչ մի գործընթաց չկա, ինչպես նաև նշվել է, որ գործընթացը նախապայմանների առկայության պարագայում ապագա չունի, այնուամենայնիվ, «մեռելածին» «ֆուտբոլային» դիվանագիտությունը շարունակում է ամենավատթար ձևով անդրադառնալ Հայաստանի վրա Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

Էրդողանը երեկ հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել: Մեջբերում. «Ցեղասպանության խնդրով պետք է զբաղվեն պատմաբանները։ Թուրքիայի արխիվները բաց են. հայկական կողմը թող իր հերթին բացի արխիվները, եթե անհաժեշտ է՝ թող ուսումնասիրվեն երրորդ պետության արխիվները ևս։ Ուսումնասրիություններից հետո մի սեղանի շուրջ կհամախմբվենք, և եթե Թուրքիան մեղավոր հանդես գա, ապա այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն»։

Ինչպես տեսնում ենք, «ֆուտբոլային» դիվանագիտությունից մեծ օգուտներ է քաղում հենց թուրքական կողմը, որքան էլ այստեղ քարոզեն, որ գնդակը գտնվում է նրանց կողմում: Ի դեպ, ԱՄՆ-ը, որի կողմից՝ որպես գերտերության, Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի և հայության համար ոչ պակաս կարևոր նշանակությունն ունի, նույնպես Էրդողանի տեսակետին է (դիտել 3:40 վարկյանից):

Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ գրողի ծոցն ուղարկեց հայկական սփյուռքի ջանքերը նույնպես: Հրեաներից հետո հայերն ԱՄՆ էթնիկ լոբբիստական խմբի խոշոր ներկայացուցիչներն են:

Եզրափակենք: Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն կամ գործողություն թե՛ արտաքին (ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ձեռնպահ քվեարկությունն էլ որպես թարմ օրինակ), թե՛ ներքաղաքական կյանքում լի է վտանգներով և խարխլում է մեր պետականության հիմքերն, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցում պատմաբանների հանձնաժողովի գործոնը և ոչ միայն:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը