Հարցազրույց

07.02.2015 11:44


Մանվել Եղիազարյան. «Եթե քո դեմ կանգնած է վայրենին՝ եղանը ձեռքին, դու պիտի հակադիր եղանն ունենաս»

Մանվել Եղիազարյան. «Եթե քո դեմ կանգնած է վայրենին՝ եղանը ձեռքին, դու պիտի հակադիր եղանն ունենաս»

Հարցազրույց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ

–Դուք ևս մասնակցում էիք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչիշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովին»։ Ի՞նչ տվեց այն ներքաղաքական զարգացումների առումով։

–Գիտակից մարդն ամեն մի խնդիր պարտավոր է ի սկզբանե լուծել խաղա՛ղ ճանապարհով։ Իսկ եթե հանկարծ, Աստված մի՛ արասցե, քո դեմ կանգնած է վայրենին՝ եղանը ձեռքին, դու պիտի հակադիր եղանն ունենաս։ Այսօր, այո՛, կարելի է մարդկանց բացատրել՝ վեր կացեք գնացե՛ք, եղբա՛յր, հանգի՛ստ ճանապարհով գնացեք, այս երկիրը կարգի բերենք։ Ի վերջո, աշխարհը կաթսայի պես եփվում է. ամբողջ աշխարհում պատերազմներ են, և եթե հանկարծ այստեղ պատերազմ սկսվի, մենք ի՞նչ պետք է անենք, նորից մեղադրե՞նք, որ 19 թվականին Բեռլինում մեր շերեփը թղթից էր, հարիսայից բաժին չհանեցին, թուրքերը կամ սելջուկներն էին մեղավոր, որ մեզ սպանեցին։

–Կարծում եք, որ հայաստանյան գործող իշխանություններն այդքան գիտակցություն կունենան, և իրենց պաշտոնները հանգիստ կթողնեն, կհեռանա՞ն։

–Գիտեք՝ ինչ, ամեն մարդ պարտավոր է իր խաղաղ, բարի, գեղեցիկ քայլն անել, իսկ իշխանություններն այսօր կարող է՝ չգնան, բայց վաղը, մեկ ամսից կամ երկու ամսից՝ գնան։ Իսկ ո՞վ է ասել, որ նրանք կարող է՝ չգնան։ Հավերժ ոչինչ չկա. իշխանություններն ինչքան մնում են, այնքան վտանգում են իրե՛նց կարգավիճակը։ Այսօրվա վիճակում հենց իշխանության համար է վտանգավոր մնալը։ Ինչքան շուտ այդ հանգույցը լուծվի, այնքան ավելի հեշտ կլինի երկիրը կարգի բերել։

–Համենայնդեպս, մինչ օրս իշխանությունը ոչ միայն հեռանալու մտադրություն չի դրսևորում, այլև ուզում է Սահմանադրությունը փոխելով՝ հավերժ իշխել։

–Փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ոչ մի դրական բան չեն արել, ժողովուրդն էլ իրավացիորեն չի վստահում սահմանադրական փոփոխություններին։ Օրինակ՝ եթե ես ունակ չեմ 150 կգ քաշով ծանրաձողը բարձրացնել, ուրեմն չեմ կարողանալու այն բարձրացնել, և իմաստ էլ չունի դա փորձելը։ Այսինքն, անգամ եթե Սահմանադրությունը փոխեն, մեկ է՝ դրանից հետո էլ ոչ մի լավ բան չեն կարողանալու անել, որովհետև ընդունակ չեն դա անել։ Իսկ իրականում Սահմանադրությունն ուզում են փոխել, որովհետև ուզում են մի քիչ երկարաձգել իրենց իշխանությունը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը