Լրահոս

26.02.2015 20:13


Հարավային Կորեայում ամուսնական դավաճանության համար այլևս չեն դատապարտի

Հարավային Կորեայում ամուսնական դավաճանության համար այլևս չեն դատապարտի

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել քրեական պատասխանատվությունն ամուսնական դավաճանության համար, որի մասին օրենքն ընդունվել է 1953 թվականին։ Դատավորներն իրենց որոշումը մեկնաբանել են նրանով, որ պետությունը չպետք է միջամտի քաղաքացիների անձնական կյանքին։

2008–ին դավաճանության համար երկրում 5.500 մարդ դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ Ինը դատավորից բաղկացած հանձնաժողովը դավաճանության համար պատիժը հակասահմանադրական է համարել։

«Չնայած դավաճանությունը հարկ է դատապարտել՝ որպես անբարոյական արարք, սակայն պետությունը չպետք է միջամտի անձնական կյանքին», –հայտարարել է դատարանի նախագահ Պակ Խան Չոլը։ Օրենքը չեղարկելուն յոթ դատավոր կողմ է քվեարկել։

Ինչպես գրում է «vesti.ru»–ն՝ «Channel News Asia»–ին հղումով, կես դար առաջ ընդունված օրենքը կոչված էր «պաշտպանելու ավանդական ընտանեկան արժեքները»։ Բացի այդ, այն պետք է պաշտպաներ կանանց իրավունքները, որոնք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի թույլ սոցիալական դիրք ունեին։ Արդյունքում՝ Հարավային Կորեան դարձել էր այն շատ քիչ ոչ մահմեդական երկրներից մեկը, որտեղ ամուսնական դավաճանությունը քրեորեն հետապնդվում էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը