Կարծիք

09.10.2009 14:41


Նոր պերեստրոյկա՞ (շարունակություն)

Նոր պերեստրոյկա՞ (շարունակություն)

Դ. Մեդվեդևի «Առա՛ջ, Ռուսաստա՛ն» հոդվածը, որը ներկայացրեցի նախորդ անգամ, կարելի է դիտարկել ոչ միայն ներռուսական, այլև համաշխարհային համատեքստում, ինչը կարող է ավելի պարզ դարձնել դրա նշանակությունը և հետագայում օգնել՝ դա կապելու ներհայկական ներկայիս զարգացումների հետ:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը համընկավ ԱՄՆ-ում և Ռուսաստանում (ինչպես և Հայաստանում) նոր նախագահների իշխանության գալու հետ, կարծես ազդարարեց 2000-ականների՝ որպես յուրահատուկ քաղաքական ժամանակաշրջանի ավարտը և նոր միտումների հնարավորությունը, որոնք ըստ երևույթին վերջնական արտահայտություն կստանան եկող տասնամյակում: 2000-ականներն իրենց հերթին հակադիր էին 1990-ականներին: Թե՛ հետսովետական տարածքում, թե՛ ԱՄՆ-ում (Բիլ Քլինթոնի վարչակարգը) 90-ականների գերակայող հոսանքը լիբերալիզմն էր (հետսովետական տարածքում' հեղափոխական լիբերալիզմը): Սակայն 90-ականների լիբերալիզմը նախորդ շրջանների ազատական, հեղափոխական կամ բարեփոխական շարժումներից տարբերվում էր նրանով, որ նրան պակասում էին պաթոսի և կրքոտ հավատի զգացողությունները, ավելի լավ ապագա կառուցելու ձգտումը: Ըստ էության լինելով հեղափոխական' 90-ականների լիբերալիզմը խորշում էր հեղափոխություն բառից, քանի որ այն, ինչպես և ապագայապաշտությունը, ունիվերսալիզմը, գաղափարախոսությունը և այլն, զուգորդվում էր սովետական շրջանի մաշված հռետորականության հետ: Հետարդիականության «վիճակը», որի մեջ թևակոխեց աշխարհը ԽՍՀՄ փլուզումից հետո, և որի բնորոշ գծերն էին' ռելյատիվիզմը, դեկոնստրուկցիան, «մեծ նախագծերի» ժխտումը, բազմակենտրոնությունը, ըստ էության անկարելի դարձրեց ազատական հեղափոխության նախագծի լիարժեք իրականացումը հետսովետական տարածքում: Միայն 2003-2004թթ. ընթացքում, երբ անսպասելիորեն իր իրավունքները վերականգնեց «հեղափոխություն» բառը, հնարավոր եղավ հետսովետական տարածքի մի մասում բարձրացնել առաջադիմության փորձերի երկրորդ ալիքը:

Որպես 90-ականների լիբերալիզմի «կիսատության» արդյունք՝ 2000-ականներին իշխանություն հաստատեց հետադիմական և ռևանշիստական պահպանողական հոսանքը: Իր էությամբ սա նույնպես հետարդիական էր' հիմնված ռելյատիվիզմի, ՓիԱռ-ի, «տեղական առանձնահատկությունների», նմանակման քաղաքականության վրա: Ռուսաստանում այս հոսանքը մարմնավորվեց պուտինականության մեջ, Հայաստանում' քոչարյանականության և այլն: Որպես յուրահատուկ զուգահեռ՝ ԱՄՆ-ում իշխանության եկավ նորպահպանողական հոսանքը (իհարկե' նաև մեծ տարբերություններ ունենալով հետսովետական պահպանողականությունից, բացառությամբ որոշ նմանությունների): Իմիջայլոց, թերևս ավելորդ չէ նշել, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում «նոր պահպանողականների» իշխանության վերջնական ինքնահաստատումը կապվեց ահաբեկչական գործողությունների հետ (ու սա Հայաստանի հետ ևս մեկ զուգահեռի հնարավորություն է տալիս' նկատի ունենալով հոկտեմբերի 27-ի դեպքերը): Հետաքրքիր է, որ մի քանի տարվա ուշացումով նույն զուգահեռներով զարգացավ նաև Իրանի քաղաքական իրավիճակը: Եթե 90-ականների կեսերից այստեղ գերակայում էր Խաթամիի բարեփոխական հոսանքը, ապա 2000-ականների մոտավորապես կեսից իշխանության եկան նորպահպանողականները: Ընդ որում, պետք է ի նկատի ունենալ, որ Իրանի դեպքում էլ խոսքը հենց նո՛ր, այլ ոչ թե ավանդական պահպանողականների մասին է: Բայց այս թեմայի մեջ խորանալն արդեն կլիներ շեղում բուն նյութից: Ուղղակի նշենք, որ նոր միտումների համատեքստում, հնարավոր է, որոշ ուշացումով (3-4 տարի) դրանք ևս տարածվեն Իրանի վրա:

Համաշխարհային ճգնաժամն ու ԱՄՆ-ում և Ռուսաստանում նոր առաջնորդների ի հայտ գալը, ինչպես նշեցի, կարող է ազդարարել նոր բարեփոխական փուլի սկիզբ: ԱՄՆ նախագահ Օբաման շատերի կողմից հենց այս համատեքստում էլ ընկալվեց: Դ. Մեդվեդևի մասին թեև հայտնի էր, որ նա պուտինյան «կլանի» լիբերալ թևի ներկայացուցիչն է, սակայն մինչև վերջերս շարունակում էր մնալ իր նախորդի ստվերում: Մինչդեռ խնդրո առարկա նրա հոդվածը, կարծես, նոր փուլի հիմք է դնում: Փիլիսոփայական և փուլային առումով «Առա՛ջ, Ռուսաստա՛ն»-ը 2000-ականների հետսովետականության գերիշխող' «արևելյան հետարդիականության» ժխտումն է: Նա, թեև զգուշորեն, բայց նոր մոդեռնացման և նոր մոբիլիզացման կոչ է անում: Նա քննադատում է «տեղական առանձնահատկությունները», որոնք «արևելյան հետարդիականության» աշխարհայացքային հենքն էին, դրանք ներկայացնում է որպես «դարավոր հետամնացություն»: Հենց «հետամնացություն» եզրի ներմուծմամբ արդեն Մեդվեդևը փաստացի ժխտում է նաև հետարդիական ռելյատիվզիմը և «մուլտիկուլտուրալիզմը», համաձայն որի՝ «առաջադիմության» և «հետադիմության» բաժանումը պայմանականություն է: Իհարկե, ես չեմ ուզում չափազանցնել Ռուսաստանի նախագահի զգուշավոր հոդվածի դերը, մանավանդ որ դեռ պարզ չէ դրա հետ կապված զարգացումների հետագա ընթացքը, իսկ պուտինիզմի գաղափարախոսության հետադիմական տարրերի հետ կապը շատ ակնհայտ է: Սակայն, կարծում եմ, սխալ չի լինի կարծել, որ նա ոչ միայն ներռուսական, այլև համաշխարհային որոշակի միտման մաս է, որով և Մեդվեդևի նոր նախագծի հաջողության հնարավորությունները բավական բարձր են:

Ակնհայտ է, որ ամերիկյան և ռուսական այս զարգացումները որոշակի զուգահեռներ ունեն նաև Հայաստանում, ուր քոչարյանականության «նոր լճացմանը» հաջորդեց չափից ավելի բուռն զարգացումների մի շրջան, որում այսօր ապրում ենք: Ակնհայտ է նաև, որ հայկական նոր «հեղափոխականությունը», որի կրողն է դարձել «նախագահ» Սարգսյանը, նաև զգալիորեն տարբերվում է ամերիկյան և ռուսական «նոր ալիքի»-ից, թեկուզ՝ իր արագ տեմպերով: Այս նյութի ավարտին կդիտարկենք հենց այդ նմանություններն ու տարբերությունները:

Հրանտ Տեր–Աբրահամյան

(շարունակելի)

Այս խորագրի վերջին նյութերը