Մեկնաբանություն

18.03.2015 12:40


Ինչով պետք է տարբերվել Բաքվից

Ինչով պետք է տարբերվել Բաքվից

Հայաստանում տեղի էր ունենում Եվրանեսթի 4–րդ լիագումար նիստը, որին չմասնակցեց ադրբեջանական կողմը։ Քաղաքական, փորձագիտական ու լրագրողական շրջանակներն իրար հետևից քննադատեցին պաշտոնական Բաքվի այդ որոշումը։ Ուշագրավն այն է, որ նույն այդ շրջանակները շտապեցին քննադատել ՀԱՕԿ–ի ու այդ կառույցի ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ–ն պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել այս թեմայով, ասել է թե՝ համապատասխան մարմինները ձեռքները լվացել են, բայց առիթը բաց չեն թողնում ՀԱՕԿ–ին ու Ծառուկյանին «հայրենասիրական» թեմայով քննադատելու համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ հայ քաղաքական միտքը դեռ բավական ստորին աստիճանի վրա է գտնվում: Իհարկե, կգտնվեն կեղծ հայրենասերներ, որոնք կշտապեն հայտարարել, թե հայ քաղաքական միտքը ճախրում էր լեռների գագաթներին, երբ հարևան երկրների ներկայացուցիչները դեռ չէին էլ առաջացել, բայց իրականությունը դրանից չի փոխվում:

Եթե գտնվում է գոնե մեկ լրատվամիջոց, մեկ քաղաքագետ, վերլուծաբան, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, որը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հայտարարում է, թե Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին մասնակցելը, մեղմ ասած, սխալ որոշում է, ապա միանշանակ է, որ մենք դեռ չենք հասկանում՝ ինչ է պետությունը, և այն չենք տարբերում համայնքից:

Եթե շատերը դեռ պետությունը շփոթում են թատերական խմբակի կամ սփյուռքում գործող հայրենասիրական խմբակի հետ, ապա մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Եւ այս պայմաններում ՀԱՕԿ-ին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին քննադատողները պարզապես ծիծաղելի վիճակում են հայտնվում՝ դեմ արտահայտվելով Բաքվում սպորտային միջոցառմանը մասնակցելու որոշմանը։

Չի կարելի երկակի ստանդարտներով առաջնորդվել՝ մի կողմից քննադատելով Եվրանեսթին ադրբեջանցիների չմասնակցությունը, իսկ մյուս կողմից «հայրենասիրական» ճառեր արտասանելով մեր մարզիկների՝ Բաքու գնալու թեմայով։

Ի վերջո, ադրբեջանցիների՝ Երևան չգալը նեղացկոտ երեխայի կամ, ավելի ճիշտ, պարտություն կրած «աբիժնիկի» վարքագիծ է։ Մենք ի՞նչ խնդիր ունենք, որ ամաչենք, կոմպլեքսավորվենք կամ վախենանք Բաքու գնալուց։ Չէ՞ որ պետք է հստակորեն տարբերվել նրանցից։ Դե, իսկ ներքին սպառման համար իրականացվող թամաշային էլ պետք է վերջ տալ։ Հայաստանը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի քննարկելու, քան մարզիկների՝ Բաքու մեկնել–չմեկնելու հարցն է։

Արթուր Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը