Կարծիք

24.03.2015 15:09


Կիմա Եղիազարյան. «Կենդանության օրոք տաղանդավոր մարդուն «պրոֆնիգոդնի» են հանում»

Կիմա Եղիազարյան. «Կենդանության օրոք տաղանդավոր մարդուն «պրոֆնիգոդնի» են հանում»

Կենդանության օրոք տաղանդավոր մարդուն «պրոֆնիգոդնի» են հանում, իսկ երբ մեռնում է, կեղծ սգավորի կեցվածք են ընդունում

Ամեն անգամ, երբ ՀՀ ժողովրդական արտիստ է մահանում, ես սարսափով նայում եմ թաղման կառավարական հանձնաժողովի անդամների ցուցակը:

Նրանցից ոչ ոք Ժողովրդական արտիստին բեմում չի տեսել: Եթե երաժիշտ-կատարող է, համերգին չեն եղել, եթե նկարիչ է, ցուցահանդեսին ներկա չեն եղել, եթե դերասան է, թատրոնում նրա մասնակցությամբ ներկայացում չեն դիտել...
Վերջին դեպքը Կարեն Ջանիբեկյանն է:
Ո՞վ է նրան բեմում տեսել եւ ե՞րբ:
Վստահաբար, թաղումներ կազմակերպող կառավարական հանձնաժողովի անդամներն ամեն տեսակ «Անտրեպրիզային» շոու մեյմունների բեմում տեսել են, նրանց ծափահարել են, բայց չեն տեսել մեկին, ով իր թեկուզ քչաթիվ դերերով մնալու է հայ թատրոնի պատմության մեջ:
Ես, օրինակ, Կարեն Ջանիբեկյանին Մայր թատրոնի բեմում տեսել եմ 1980-ականներին. «Հացավան» ներկայացման դերակատարներից մեկն էր եւ հիանալի էր խաղում Գրիգորի դերը:
Համարում եմ, որ դերասանի տաղանդի չափանիշը նրա թատերական դերերն են, ոչ կինոդերերը: Վերջինը հնարավոր է նկարել մի քանի անգամ եւ մոնտաժով կարելի է դզել-փչել, իսկ թատրոնում, երբ ներկայացումն աչքիդ առաջ է, չափազանց բարդ է խաղալը:
Այնուհետ՝ անկախության առաջին տարիներին, Կարեն Ջանիբեկյանի դերասանական տաղանդը գնահատել եւ իր նորաստեղծ՝ Համազգային թատրոնում դերեր է առաջարկել Սոս Սարգսյանը: Վերջին անգամ այս թատրոնի բեմում եմ տեսել Կարեն Ջանիբեկյանին՝ «Մի գավաթ բարություն», «Սանիտայի թաղապետը» բեմադրություններում:
Դրանից հետո նրան թատրոնում այդպես էլ ոչ ոք «չօգտագործեց»: Ճիշտ է, Կարեն Ջանիբեկյանը դերասանի հաստիքով աշխատում էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, սակայն այստեղ նրան 13 տարի «պրոֆնիգոդնի» էին համարում եւ ոչ մի դեր չէին տալիս:
Սունդուկյանի թատրոնի ինչ-որ գեղարվեստական ղեկավար՝ Վահե /Ֆլոբեր/ Շահվերդյան անունով, այս տաղանդավոր դերասանին 13 տարի զրկեց բեմում հանդես գալու հաճույքից:
Այն դեպքում, երբ Կարեն Ջանիբեկյանը եզակի դերասանական տեսակ էր, մի փառահեղ գույն հե՛նց թատրոնում: Բայց թատերական ասպարեզը տնօրինող գորշություններն ու միջակությունները հանցավոր անտարբերությամբ վերաբերվեցին թատերական բեմից Ջանիբեկյան ինքնատիպ արտիստի հանիրավի վտարման փաստին...
Եվ ամենաահավորն այն է, որ ոչ ոք դրա համար երեբեւէ պատասխան չի տալու...
Բոլորը կեղծ սգում են, ու ամեն բան դրանով ավարտվում է...

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/802813579807125?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը