Տնտեսական

01.04.2015 12:40


Շիրակի մարզում գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը

Շիրակի մարզում գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը

Սկսած ապրիլի մեկից՝ Շիրակի մարզում կաթ մթերող ընկերությունները իջեցրել են կաթի գինը: Այսօրվանից գյուղացիններից 3,6 տոկոս յուղայնությամբ 1 լիտր կաթը մթերող ընկերությունները գնելու են ոչ թե 170, այլ 150-160 դրամով:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ եթե ներկայումս՝ կաթի պակասի առկայության պարագայում, մթերողները գին են իջեցնում, ապա առաջիկա ամիսներին, երբ առաջարկն ավելի մեծանա, նրանք դարձյալ կնվազեցնեն մթերման գները՝ մինչև 100-110 դրամ:

«Գյուղացիները վարկեր են վերցրել, կեր են առել, անասունին հանել են գարուն, որ կաթը վաճառեն, գումար ստանան, վարկերը փակեն, այսօր արդեն փաստի առաջ են կանգնել: Մաքուր, անարարտ, ալպիական գոտու կաթը տանում են 150 դրամով, իսկ իրանք խանութներում էդ կաթերին ջուր են խառնում ու 400 դրամից պակաս չեն ծախում, սա ի՞նչ բան է»,-«ԳԱԼԱ»-ի հետ զրույցում դժգոհեց գյուղաբնակ Արմեն Սարուխանյանը:

Վերջինս նշում է, որ վերահսկողությունը պետք է կառավարական մակարդակով լինի: Ասում է, որ անթույլատրելի է, երբ խոշոր ընկերությունները գերշահույթ են ստանում, իսկ գյուղացիներն անգամ վարկերը վճարել չեն կարողանում:

«Էդ մի քանի գյուղացին, էդ մի քանի կով պահողն են մնացել, դրանք է՞լ թողնեն երկրից գնան»,-ասում է Արմեն Սարուխանյանը:

Գյուղացիները որոշել են՝ այսօր կեսօրին նախ կգնան Աշոցքի տարածաշրջանում գտնվող կաթի մթերման կետերից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելու համար, իսկ արդյունքներ չտեսնելու դեպքում կփակեն միջպետական ճանապարհը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը