Լրահոս

01.04.2015 22:14


ՀՀ ՊՆ. «Կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի»

ՀՀ ՊՆ. «Կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի»
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապատեղեկատվության տարածումը:
Ավելին` իրականությանը չհամապատասխանող կեղծիքները երբեմն վերածվում են զավեշտի` հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելու և փաստերը խեղաթյուրելու Բաքվի քարոզչամեքենայի գործելաոճը վերագրվում է հայկական կողմին:
Առավել քան զավեշտալի է, որ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող քարոզչական խայծերը, ամբողջովին կեղծ և ակնհայտ ապատեղեկատվությունը տարածվում են նաև հայրենական որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերի օգտատերերի միջոցով:
Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը որդեգրել է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն` հասարակությանը հաշվետու լինելով հայկական զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ շփման գոտում լարվածության աճը Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության արկածախնդիր, ռազմական տեսանկյունից չհիմնավորված և վրեժխնդրությամբ տրամաբանված նենգ քաղաքականության արդյունքն է, որը հանգեցնում է իրենց իսկ ուժերի շրջանում մարդկային զգալի կորուստների:
Հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը