Մեկնաբանություն

10.04.2015 13:39


Ախմախություն մանկական հիվանդությունը

Ախմախություն մանկական հիվանդությունը

Հայաստանի քաղաքական շրջանակներում ընդունված ձևակերպում կա։ Սրանք հենց «պռավալի» են ենթարկվում, անմիջապես սկսում են քարկոծել ժողովրդին, որին դրանից առաջ քծնում էին։

«Արա՛, դե էսի ժողովուրդ չի, սրանց համար խի՞ ենք կռիվ տալիս, թող գնան տենց ստրուկի պես էլ ապրեն»,– սիրում են կրկնել քաղաքական կյանքի անհաջողակները և պարզապես ախմախները։

Այս տեսակետը տարածված է նաև «ժողովուրդը» ներկայացնող առանձին հատվածների մոտ։

Նկատենք, որ դա առնվազն սխալ մոտեցում է։

Ի վերջո, ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, որ այս կամ այն «պայքարիստը», քաղաքական լիդերը կամ ուժը ախմախ է կամ քաղաքականապես անմեղսունակ։

Եթե դու կոչ ես անում մարդկանց նետվել Կիևյան կամրջից, որպեսզի փրկվի հայրենիքը, բայց նրանք համառորեն չեն ուզում հետևել այդ ախմախ կոչին, ապա դու իրավունք չունես խաղալիքը չստացած երեխայի պես գոռգոռալ և հայտարարել, թե էս ինչ ստրուկ ժողովուրդ է, վայ ես դրանց ինչն եմ ասել։ Քանզի նման հայտարարությամբ դու, կամա թե ակամա, խաղում ես իշխանության օգտին՝ «Իշխանությունը վատն է, բայց ժողովուրդն էլ ստրուկ է, հետևաբար այս իշխանությունն իսկը այս ժողովրդի համար է» իշխանահաճո բանաձևի շրջանակներում։

Ժողովուրդը հո պարտավո՞ր չէ ամեն մի ախմախի, դրածոյի կամ անմեղսունակի հետևից գնալ։ Հրե՛ն, իշխանությունները «մեռան» այս կամ այն ուժին օգնելով ու վերահսկելի փողոց ձևավորելով, բայց չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև ժողովուրդը շատ լավ էլ կողմնորոշվում է, ու գիտի, թե ով ով է։

Նրանք, ովքեր ձախողվում են, պետք է իրենց մեջ փնտրեն պատճառները։ Սրտաճմլիկ բառեր օգտագործելը և դեմքի հայրենասիրական արտահայտությունը խելքի ու մտքի նշան չեն։

Չի՛ կարելի ախմախություն անել, հետո մուննաթ գալ ժողովրդի վրա, թե ինչու վերջինս չդարձավ ախմախության հետևորդ։

Չի՛ կարելի գերագնահատել սեփական ուժերը կամ սխալ հաշվարկներ անել, հետո «քաշվել» ու սկսել բողոքել ժողովրդից, թե բա դրանք ստրուկ են։

Մեր ժողովուրդը ստրուկ չէ. ոմանք են ախմախ, ու պետք չէ այդ ախմախությունն արդարացնել ժողովրդի վրա հոխորտալով, կարծես «ադալժենի» ես անում, որ դուրս ես եկել պայքարի, իսկ իրականում՝ չբավարարված ամբիցիաներիդ ու չափազանցված ինքնագնահատականիդ ձեռքը կրակն ընկնելու պատճառով։

Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել, որ երբ ժողովուրդն իրական հնարավորություն է տեսել, կամ իրական առաջարկ է ստացել, միշտ էլ ոտքի է կանգնել, ու կանգնելու է։

Փորձը ցույց է տալիս, որ իրատեսական քաղաքական գործընթացի դեպքում մարդիկ դուրս են գալիս պայքարի, և ոչ մի «Գեբելսյան» քարոզչամեքենա և հաճախորդ գործիչ չեն կարող կանգնեցնել թացը չորից տարբերողներին, որոնք, ի դեպ, շատ մեծ քանակ են կազմում։

Այնպես որ, ախմախություններով ոչ մեկին տնից չես հանի, ու անգամ էշ–նահատակ դառնալդ ոչինչ չի փոխի։

Իսկ այն հարցում, որ մեզանում փոփոխություններ են պետք, այն էլ՝ արմատական ու համընդհանուր, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Հենց ռացիոնալ մարդիկ մտնեն գործընթացի մեջ ու իրատեսական բան առաջարկեն, «ստրուկ» որակումը ստացած ժողովուրդը ոտքի կկանգնի՝ սրբելով բոլորին, այդ թվում՝ ախմախներին։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը