Մեկնաբանություն

13.04.2015 00:20


Երկաթե շերեփին սպասելիս

Երկաթե շերեփին սպասելիս

Հայ ժողովրդի մի մասն անկեղծորեն, իսկ մյուս մասն էլ՝ ստացած հրահանգի շրջանակներում ցնծության մեջ է և ոգևորված։

Բանն այն է, որ Վատիկանում Հռոմի պապը պատարագ է մատուցել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև 1915–ին տեղի ունեցած կոտորածները որակել է որպես «20–րդ դարի առաջին ցեղասպանություն»։

Ֆրանցիսկոսի քայլն, անշո՛ւշտ, ողջունելի է։ Նկատենք սակայն, որ Հռոմի պապի շուրթերից նման ձևակերպումը նոր չէ հնչում և անհասկանալի է այն արհեստական աժիոտաժը, որ փորձ է արվում ստեղծել այդ հայտարարության շուրջ։ Նրա նախորդը՝ Հովհաննես Պողոս 2–րդը, 2001թ. նույնպես օգտագործել էր «ցեղասպանությունը» բառը, այն էլ՝ Ծիծեռնակաբերդում։ Այնպես որ այս առումով նորություն չկա։

Ինչ վերաբերում է մերոնց ցնծության ու ոգևորության հիմքերին, ապա այստեղ զգացմունքայնությունն ավելի շատ է։

Ինչ խոսք, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քաղաքական խնդիր է և Վատիկանում տեղի ունեցածը նպաստում է այդ խնդրի լուծմանը կամ ավելի ճիշտ՝ օգտակար քայլ է միջազգային ճանաչման հարցում։ Սակայն որքան էլ Հռոմի պապն ու մյուսներն արտաբերեն «ցեղասպանություն» բառը կամ մեր ականջին հաճելի ձևակերպումներ օգտագործեն, միևնույն է վերջնական խոսքը մեզ է պատկանում։

Մեր գլխավոր խնդիրը մնում է հզոր, անվտանգ ու ժամանակակից քաղաքատնտեսական ինստիտուտներ ունեցող Հայաստան ստեղծելը, ինչն էլ կբերի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ու տարատեսակ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելուն։ Իսկ եթե Հայաստանը թուլանա (ինչպես վերջին տարիներին է տեղի ունենում), ապա Հռոմի պապի և մյուսների օգտագործած ձևակերպումները կլինեն Սևրի դաշնագրի պես մի բան։ Այդ փաստաթղթի մեջ, ինչպես հայտնի է, առկա են ձևակերպումներ, որոնք հաճելին են ու կարող են անգամ ցնծության հասցնել, բայց մեջը բան չկա։

Սևրի դաշնագիրը գործնականում ոչինչ չտվեց մեզ, քանզի չկար այն հզոր Հայաստանը, որը կկարողանար կյանքի կոչել այնտեղ առկա դրույթները։ Ավելին՝ Սևրի դաշնագիրը պատուհաս դարձավ մեր գլխին, քանզի դա այն ժամանակվա «և՛, և՛»–ի տխրահռչակ քաղաքականությունն էր։

Ասելս այն է, որ Հայաստանի հետ հաշվի կնստեն, երբ մենք մեր ներսում կարողանանք մեր խնդիրները լուծել։ Ա՛յ, այդ ժամանակ էլ թղթե շերեփի փոխարեն կունենանք երկաթե շերեփ ու խեղճի հոգեբանությամբ չենք թռվռա ուրախությունից երբ մեզ կտան «կոտորված ազգ» ձևակերպումը։

Քանի՞ գրոշ արժե լավ փաթեթավորված միջոցառումը (նույնիսկ եթե այն անցկացնում է Հռոմի պապը), երբ նույն այդ միջոցառմանը Հայաստանից մասնակցում են մարդիկ, որոնց կառավարման տարիներին մեր երկրից հեռացավ ավելի քան 300 հազար մարդ, տնտեսական անկումը գրանցեց համաշխարհային ռեկորդ, արտաքին պարտքն ավելացավ ավելի քան երեք անգամ, ներդրումները կրճատվեցին երկնիշ տոկոսներով, աղքատությունը կտրուկ ավելացավ, իսկ քաղաքական դաշտը վերածվեց հասարակաց տան։

Ղարաբաղյան փառահեղ հաղթանակը և ազգային ազատագրական պայքարը շատ լավ հնարավորություն են տվել մեզ շտկելու մեր մեջքը և նորմալ պետականություն ունենալու, բայց հաղթանակի մսխումը Հայաստանը դարձրել է աղքատ բարեկամ ու թույլ երկիր, որին լավագույն դեպքում մասնակից են դարձնում այնպիսի արարողությունների, ինչպիսին որ տեղի ունեցավ Վատիկանում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը