Մեկնաբանություն

14.04.2015 22:20


Հիլարի Քլինթոնը Քիմ Քարդաշյան չի դառնա. Նալբանդյանի այտերը վկա

Հիլարի Քլինթոնը Քիմ Քարդաշյան չի դառնա. Նալբանդյանի այտերը վկա

Ամերիկահայ Քիմ Քարդաշյանի մեկնումից հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24–ին Երևան կարող է ժամանել Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ նախագահական ընտրություններում փորձում է, այսպես կոչված, փրայմերիզների արդյունքում դառնալ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։

Կգա՞ Հիլարին, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել։ Դա կախված է մի շարք հանգամանքներից։

Եթե գա, ապա դա միանշանակ ամերիկահայերի ձայների, այլ ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու պահով է լինելու, քանզի ԱՄՆ–ն պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, և բացի այդ՝ Քլինթոնն անձամբ է մասնակիցը եղել այնպիսի մեռելածին գործընթացի, ինչպիսին «ֆուտբոլային» դիվանագիտությունն էր։

ԱՄՆ գրեթե բոլոր նախագահներն ու նախագահի թեկնածուներն էլ խոստանում են ապրիլի 24–ին արտաբերել «ցեղասպանություն» բառը, բայց դա չեն անում։ Նույն պատկերն է նաև ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հարցը համապատասխան հանձնաժողովից այն կողմ չի անցնում։

Ամենամեծ հավանականությունը, որ ԱՄՆ իշխանությունները կարող էին հայտարարել Ցեղասպանության մասին ու պաշտոնապես ընդունել այն, 2008ին էր, քանզի կային բոլոր բարենպաստ պայմանները։ Այն ժամանակ նորընտիր նախագահ Օբաման, պետքարտուղար Քլինթոնը, փոխնախագահ Բայդենը և Կոնգրեսը միասնական էին այս հարցում և չէին կարող խուսափել իրենց խոստման կատարումից, քանզի Դեմոկրատական կուսակցությունը թե՛ գործադիր իշխանություն ուներ, թե՛ օրենսդիր։ Ասել է թե՝ չկար հնարավորություն՝ հայտարարելու, թե կան խոչընդոտներ։ Հատկապես որ Օբաման՝ որպես առաջին սևամորթ նախագահ, փորձում էր սկզբում նոր իմիջով հանդես գալ՝ ցույց տալով, որ իր նախորդներից տարբերվելու է խոստումների կատարմամբ։

Քաղաքական խոչընդոտներ Օբամայի թիմը չուներ, բայց խոստումը չկատարվեց։ Ամերիկյան իսթեբլիշմենթին օգնության հասավ Հայաստանն՝ իր «ֆուտբոլային» դիվանագիտությամբ։ Դիվանագիտություն, որի շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը հայ–թուրքական արձանագրություններով դարձավ առևտրի առարկա։ Իսկ ամերիկացիները, հղում անելով «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, հայտարարեցին, որ չեն ուզում արգելք դառնալ հայ–թուրքական մերձեցմանը, և այդ իսկ պատճառով չեն կատարում իրենց խոստումը։ Մանավանդ որ հայաստանյան իշխանություններն ու ընդդիմությունը միասնական էին «Ֆուտբոլն» առաջ մղելու և այն գովերգելու հարցում դեպ, հայ–թուրքական գործընթացին աջակցելու և Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու պատրաստակամության համար Օբաման Երևանում տեղի ունեցած հանրահավաքներից մեկում արժանացավ նույնիսկ «իդեալիստ» որակմանը)։

«Ֆուտբոլային» դիվանագիտությանը հղում անելով՝ Օբաման, Քլինթոնը և մյուսները ֆորմալ պատրվակ ունեցան Ցեղասպանության հարցից խուսափելու համար։ Դրա դիմաց նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի 2008թ. նախագահական «ընտրություններն» ու մարդասպանությունները մարսվեն։ Այսինքն, Արևմուտքի և հայաստանյան իշխանությունների միջև կնքվեց գործարք, որի արդյունքում «մերոնք» դարձան դրսի ուժերի ձեռքին խաղալիք (բնականաբար, աթոռի պահպանման դիմաց)՝ աճուրդի հանելով Հայաստանի և հայության անցյալը, ներկան ու ապագան։

Տեղին է հիշեցնել, որ այդ քստմնելի գործարքի կյանքի կոչման հարցում շատ ակտիվ դերակատարում ուներ Հիլարի Քլինթոնը, ով Էդիկ Նալբանդյանի տխրահռչակ թշերը քաշքշելու գնով ամեն կերպ հասավ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրմանը։ Կապույտ գույնի մեջ թաղված այդ տիկինը փայլում էր ուրախությունից, երբ Էդիկը շփոթված ու սարսափած հայացքով սեղմում էր Դավութօղլուի ձեռքը։

Ու հիմա, երբ խոսվում է այն մասին, որ Հիլարին կարող է գալ Ծիծեռնակաբերդ, այդ ամենից փարիսեցիության հոտ է փչում։ Քանզի նա Ցեղասպանությունը գործնականում մոռացության տալու և դրա միջազգային ճանաչմանը խոչընդոտելու արձանագրությունների «քավորներից» է։ Հետևաբար, ապրիլի 24–ին գալիս է Երևան, որ ի՞նչ անի։

Ինչ էլ անի, միևնույն է, ԱՄՆ մեկ այլ քաղաքացի Քիմին չի հասնի։ Վերջինս կասկածի տակ չի դրել Ցեղասպանությունը և դրա ճանաչման համար հզոր փիառ ակցիաներ է կազմակերպել։ Իսկ Հիլարին իր անձնական փիառն է անելու, ոչ ավելին։

Այնպես որ, Հիլարին ուզում է գա, ուզում է՝ չգա։ Դրանից մեզ օգուտ չկա։ Նալբանդյանի այտերը վկա։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը