Հարցազրույց

16.04.2015 16:35


Է. Նալբանդյան. «Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել»

Է. Նալբանդյան. «Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

–Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը՝ Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձևի վերաբերյալ:

Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որևէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։

Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի՝ շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը։

Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել։ Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձև ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա։

Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը։

Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման, և կավելացնեի՝ միջազգային հանրության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը