Քաղաքական

16.04.2015 16:36


Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը դիմել է իր գործընկերներին` կոչ անելով իրավական գնահատական տալ XX դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի ջարդերին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Эхо Кавказа»-ի փոխանցմամբ՝ պատգամավորի այս կոչը մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանի օրենսդիր մարմնում: Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Ս. Պետրոսյանը հայտարարել է, որ պատմական փաստերին պետք է ճիշտ և արդար գնահատական տալ: Պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը և Թուրքիան կկարողանան «ընդհանուր լեզու գտնել»:

«Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մինչ օրս հայերի համար ամենամեծ հարվածն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ԱՄՆ-ը, ինչպես նաև առաջադեմ եվրոպական երկրներ: Ցեղասպանության ճանաչումը կօգնի զերծ մնալ նմանատիպ իրադարձությունների կրկնությունից ապագայում: Կոչ եմ անում բոլոր ժողովրդավարական երկրներին, որոնք դեռևս իրավական գնահատական չեն տվել պատմական այդ փաստին, ճանաչել այն»,- հայտարարել է Պետրոսյանը:

Հայազգի պատգամավորը վրդովեցրել է իր կուսակից, ծագումով ադրբեջանցի Ազար Սուլեյմանովին, ով 20-րդ դարասկզբի պատմական փաստերն անվանել է «հորինված ցեղասպանություն»:

«Դա քաղաքացիական հակամարտություն էր, քաղաքացիական պատերազմ: Թուրքիայում բոլոր արխիվները բաց են, և յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ այդ պատերազմում ավելի շատ թուրք է զոհվել, քան հայ»:

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր, ազգությամբ ադրբեջանցի Միխար Դարզիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կբարդացնի Վրաստանի հարաբերություններն իր ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Իրավիճակը փորձել է հարթել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նուգզար Ցիկլուարին, ով կոչ է արել, անկախ քաղաքական պատկանելությունից, այլևս երբեք չքննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում:

Նշվում է, որ Օսմանյան կայսրությունում XX դարասկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջին անգամ չէ, որ բարձրացվում է Վրաստանի խորհրդարանում: Այդ մասին դեռ 2012–ին հայտարարել է «Կարտուլի դասի» կուսակցության պատգամավոր Ջոնդի Բագատուրիան, ինչի պատճառով խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել՝ ադրբեջանցի Ազար Սուլեյմանովի մասնակցությամբ, ով Բագատուրիայի ուղղությամբ վազելինով տուփ է նետել և գործի դրել իր բռունցքները: Ու թեև այս անգամ գործն ավարտվել է խաղաղ ճանապարհով, խորհրդարանի նախագահը պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը