Մեկնաբանություն

05.05.2015 14:05


Վրաստանն Ալիևից ավելի Իլհամ է

Վրաստանն Ալիևից ավելի Իլհամ է

Հայաստանի «նախաձեռնողական» քաղաքականությունը գրեթե ամեն օր իրեն զգացնել է տալիս։ «Ձեռքբերումներն» ամենուրեք են։

Հասանք այն բանին, որ հարևան ու բարեկամ համարվող Վրաստանը շատ կոշտ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների կապակցությամբ։ Սա հետևանք է այն բանի, որ 2008–ից սկսած՝ Հայաստանը որոշում է կայացրել չզբաղվել Վրաստանով, և աչք փակել այնտեղ հայերի խնդիրների վրա՝ մտածելով, որ այդպիսով կհաստատվեն լավ հարաբերություններ։ Ստացել ենք ճիշտ հակառակ պատկերը։

Պաշտոնական Թբիլիսին անօրինական է համարել մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները:

«Ադրբեջանական գրավյալ տարածքներում ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքին»,– նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ հայտարարություն արել են Ադրբեջանը և Ուկրաինան։ Սրանց ռեակցիան սպասելի էր։ Ադրբեջանը պատերազմի պարտված կողմ է, և բնական է, որ պետք է ոռնա։ Ուկրաինան էլ, թերևս, վերադարձնում է ՀՀ–ին իր «պարտքը»՝ ՄԱԿ–ում Ղրիմի հարցով տեղի ունեցած քվեարկության համար։

Իսկ ահա Վրաստանի նման կոշտ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչի ենք մենք հասել «նախաձեռնողականության» և կենցաղային բնույթի արտաքին քաղաքականության արդյունքում։ Դե, եթե Վրաստանի տխրահռչակ նախկին նախագահ Սահակաշվիլին հակահայկական քաղաքականություն վարելու դիմաց ոչ թե համարժեք պատասխան է ստանում, այլ ամենաբարձր մակարդակով պարգևատրվում է Հայաստանի կողմից, եթե Վրաստանը տարիներ առաջ ուժով վերագծեց Հայաստանի հետ իր սահմանն ու մեր կողմից համարժեք պատասխանի չարժանացավ, ապա սրա վերջն էլ Վրաստանի ադրբեջանամետ հայտարարությունը պետք է լիներ։

Փողկապակեր Սահակաշվիլին վարում էր «արևմտամետ» քաղաքականություն, որի իրական արդյունքը եղավ այն, որ այդ երկիրը դարձավ Թուրքիայի ու Ադրբեջանի «կոշիկները սրբելու» վայր։ Մեր տարածաշրջանում «արևմտամետ» աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունն այլ բան չի ենթադրում, քանզի Արևմուտքը մեր տարածաշրջանում իր անվտանգության ու էներգետիկ քաղաքականությունը վարում է Անկարայի միջոցով։

Սահակաշվիլիին իշխանությունից հեռացրին, բայց նրա վարած արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, մնաց։ Վրաստանը հիմա այն աստիճան է հայտնվել Ադրբեջանից ու Թուրքիայից կախվածության մեջ, որ Ալիևից ավելի Իլհամ է դարձել, ու էժանագին հայտարարություններ է անում Ղարաբաղի մասով։

Ուշագրավն այն է, որ վրացական իշխանությունները պրոադրբեջանական հայտարարություն են անում, բայց, միևնույն ժամանակ, Ալիևն ընդունում է Վրաստանի գործող իշխանությունների կողմից դատապարտված և հետախուզվող Սահակաշվիլիին։ Սա ցույց է տալիս վրացական իշխանությունների «չմոյական» վիճակը։ Ալիևը հա՛մ ծաղրում է վրացական ղեկավարությանը, հա՛մ նրանցից պրոադրբեջանական հայտարարություն ստանում։ Վրաստանը ծպտուն չի հանում, բայց, արի ու տես, որ Վրաստանում ՀՀ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ «ատչոտ» պահանջելու, թե ինչու է մեր ԱԺ նախագահը հանդիպել Հարավային Օսիայի իր պաշտոնակցի հետ։

Ինչ մնում է հայկական կողմին, ապա «նախաձեռնողական» իշխանություններն այնքան են «օրվա կուրսով» արտաքին քաղաքականություն վարում և անտեսում վրացական ուղղությունը, որ ստանում ենք այսպիսի դիվանագիտական ապտակներ։

Թերևս ոմանք չեն գիտակցում, որ արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական գործունեությունը ծանրամարտի ֆեդերացիա չեն, և մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ըստ «Գրուզիա օնլայնի»՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հեռախոսազրույց իր վրաց պաշտոնակցի հետ։ ՀՀ վարչապետն, ըստ այդ լրատվամիջոցի, փորձել է արդարանալ Գալուստ Սահակյանի՝ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ հանդիպման կապակցությամբ։ Սա էլ է արտաքին քաղաքականությունը կենցաղային շփումների հետ շփոթելու և «նախաձեռնողական» քաղաքականություն վարելու վկայություն։ Հայաստանը, փոխանակ Վրաստանից բացատրություններ պահանջի Ղարաբաղի մասով, ինքն է բացատրություններ ներկայացնում Բաքվի կրնկի տակ հայտնված Թբիլիսիին։

Հետաքրքրական է, որ Հայաստանի կառավարության կայքում այդ հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չկա։ Միգուցե Կառավարությունում համարել են, որ երկու երկրների վարչապետերի հեռախոսազրույցը կրում է կենցաղային բնույթ, ու դրա՞ համար տեղեկատվություն չեն տրամադրել հանրությանը։ Ո՞վ գիտե։

Այս խորագրի վերջին նյութերը