Մեկնաբանություն

14.05.2015 23:10


Պաշտպանված է պետության կողմից

Պաշտպանված է պետության կողմից

Հայաստանի իրավապահները շատ օպերատիվ են գործում, երբ խոսքը վերաբերում է խանութից «պեչենի» գողացողին հայտնաբերելուն։

Թող փորձի աղքատության մեջ հայտնված ու սոված մնացած մեկը «պեչենի» վերցնել ու փողը չտալ, տեսեք, թե ինչ գումարտակներ ոտքի կհելնեն, ու քանի ուղղաթիռ օդ կբարձրանա՝ մեր երկրի սոցիալ–տնտեսական համակարգի հիմքերը խարխլողին բերման ենթարկելու համար։ Հանաք բան չէ մի ամբողջ «պեչենի» վերցնելն ու փողը չտալը։

Մեր պետությունը շատ զգոն է։

Իրավապահը ցանկացած ցուցարարի բերման կենթարկի։ Դա կանի նույնիսկ այն դեպքում, երբ ցույցը դեռ տեղի չի ունեցել, իսկ տեղի ունենալուց էլ՝ քսանհոգանոց էր լինելու։

Մեր պետությունը շատ առաջադեմ է և իրավական։

Համապատասխան կառույցները տեխնիկական սարքերի միջոցով շատ արագ կարողանում են հայտնաբերել սահմանված արագությունը 1 կմ/ժ–ով չարամտորեն գերազանցած վարորդներին։ Հայտնաբերում են ու տուգանում. օրենքի երկիր է։

Հավքն իր թևով և օձն իր պորտով չեն կարող առանց փող մուծվելու անցնել Երևանի ասֆալտը զարդարող կարմիր գծերի միջով։

Մեր պետությունը, սակայն, ոչ մի կերպ չի կարողանում հայտնաբերել ու բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն, ով իր շրջապատով մարմնական ծանր վնասվածք է հասցրել գորիսեցի Զաքարյան եղբայրներին։ Չեն կարողանում, քանզի Լիսկայի որդին պաշտպանված է պետության կողմից։

Այդ պաշտպանվածությունն է պատճառը, որ իրավապահները մեկ շաբաթ է՝ շշկռված էին, ու որևէ քայլ չէին ձեռնարկում Տիգրանին բերման ենթարկելու համար։ Հենց որ տեղեկացան, որ նա բարեհաջող լքել է Հայաստանը, կամ էլ հայտնվել «ապահով Հայաստանում»՝ հուսալի թաքստոցում, անմիջապես սկսեցին նրան որոնելու աշխատանքները, և այսօր մեզ տեղեկացնում են, որ «Սդղի գյոլի» «հերոսները» հանրապետությունում չեն։

Իրավապահներին պետք չէ մեղադրել, ավելի ճիշտ՝ նրանց երկրորդ հերթին պետք է մեղադրել։ Նրանք հրաման են կատարում։ Իսկ հրաման տվող կամ չտվողը Բաղրամյան 26–ում է նստած։ Նա է Լիսկային ու նրա շրջապատին «բեսպրեդելշիկության» լիցենզիա տվել՝ ձեռքի հետ էլ պարգևատրելով մարզպետի պաշտոնով (թեև Հովիկ Աբրահամյանն այդ խայտառակ վերանշանակումը Մատրոսովի պես իր վրա վերցրեց՝ մտածելով, որ վերևում կգնահատեն իր անձնուրաց քայլը)։

Փողոցում մի խուլիգանի դաստիարակչական նպատակով թեթև ապտակես՝ ոստիկանությունը մի հինգ րոպեից կգա քեզանից ցուցմունքներ վերցնելու և գլխիդ պատմություն սարքելու։ Իսկ ահա օրը ցերեկով բազմաթիվ մարդկանցով տարել ու դաժանաբար ծեծել են երկու եղբայրների, որոնցից մեկը լուրջ խնդիրներով արդեն տեղափոխվել է Մոսկվա, բայց իշխանությունները միայն մեկ շաբաթ անց սկսեցին քայլեր ձեռնարկել։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխություններն, իրոք, նախաձեռնվել են մարդու իրավունքները մեր երկրում է՛լ ավելի պաշտպանելու համար։ Միայն մեկ հարցում մի փոքր անկեղծ չեն իշխանությունները։

Սահմանադրությունն, այո՛, ուզում են փոխել մարդու իրավունքները պաշտպանելու համար, պարզապես չեն ուզում հայտարարել, որ դա արվում է մեկ մարդու իրավունքները պաշտպանելու համար։ Իրավունքի տակ էլ նկատի ունեն ամենաթողության իրավունքը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կարող եմ պատկերացնել, թե ինչքան են ուրախացել նախագահական նստավայրում, երբ իմացել են Գորիսում տեղի ունեցած հանցագործության մասին։

Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցածից հետո Լիսկային ոչ ամբողջությամբ էին «կթել»։ Հիմա նոր թեմա է բացվում։ Մարզպետի պաշտոնում նրան, ըստ ամենայնի, կպահեն, բայց ձեռքից ահագին բան կխլեն։ «Հակաօլիգարխիկ» պայքարը հենց այսպես էլ արվում է։ Քանզի անհրաժեշտ են ոչ միայն էժան ու երկար փողեր, այլ ձրի և անվերադարձ փողեր։

Ինչպես տխրահռչակ Հրանուշ Հակոբյանը կասեր՝ ծեծում ու սպանում եք դուք, շահում է «պետությունը»՝ մեկ մարդու գլխավորությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը