Մեկնաբանություն

19.05.2015 23:10


Տիգրանը կիթառ էր նվագում, Հրանուշը նկարվում էր

Տիգրանը կիթառ էր նվագում, Հրանուշը նկարվում էր

Վիլյամ Սարոյանի տան աճուրդի պատմությունն ավարտվեց մեր պարտությամբ:

«Ո՞վ է մեղավոր» հարցն այս դեպքում ավելորդ է, քանի որ այս երկրում ամեն ինչ որոշում է մի մարդ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեծ գրողի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը մերը դարձնելն ազգային արժանապատվության, պատվախնդրության հարց էր, ինչը չդրսեւորվեց:

Ինքը Սարոյանն՝ իր արմատներով, գաղթական դարձած նախնիներով, լավագույնս է խորհրդանշում Հայոց մեծ եղեռնը, եւ ուղղակի հեշտությամբ հաշտվել նրա տան կորստի հետ սպասելի է միայն այս իշխանությունից:

Ընդամենը պետք էր մի քիչ «կմճտել» 100-րդ տարելիցին նվիրված ճոխ ու «տոնական» միջոցառումների համար հատկացված հսկայական գումարներից (ինչն իրականում միտված էր ՀՀԿ առաջնորդի «փիառն» իրականացնելուն), եւ այդ տունը մերը կլիներ:

Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում դրսերում անցկացվող եւ անցկացվելիք բազում գիտաժողովներից (դրանց մի մասի դեպքում ժամավաճառությամբ են զբաղված, ավելի ճիշտ՝ դրանց մասնակիցների տուրիզմն է ապահովվում) մի քանի գիտաժողովի գումար էր պետք Ֆրեզնոյում սարոյանական մեր անկյունն ունենալու համար:

Բայց դե, Հրանուշ Հակոբյանը ո՛նց գլուխ գովեր, թե օր չկա, որ աշխարհի որեւէ մասում միջոցառումներ, գիտաժողովներ չանցկացվեն, եթե մի 160 հազար դոլար էլ հատկացնեին տան աճուրդին: Աճուրդ, ինչի մասին շա՜տ ավելի վաղ գիտեր «Բարո՛վ եկար, սիրո՛ւն կռունկ» երգող ու «սարոյանական լուսավոր թախիծով» կիթառ նվագող դեսպանը: ՀՀ նախկին վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը, ով ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է աշխատում։ Ինչպիսի «արտակարգ կարողություններ» դրսեւորեց այստեղ՝ հայրենիքում, նույնքան «արտակարգ» է գործում ԱՄՆ-ում, որի միակ առաքելությունն իր շեֆին այնտեղ ընդունելն է: Իսկ այնպիսի «մանրուքներով», ինչպիսին գրական հսկայի տան աճուրդն է, նա իր միտքը չի զբաղեցնում: Մինչդեռ, Սարոյանի տան աճուրդի շուրջ զարգացումները պետք է իր ուշադրության կենտրոնում պահեր դեսպանը՝ ԱՄՆ-ում, իսկ հայրենիքում՝ Սփյուռքի նախարարը, քանզի Հրանուշ Հակոբյանն է Սփյուռքի պաշտոնական «կուրատորը»:

Բայց երկուսն էլ բացահայտ անտարբերության մատնեցին այդ իրողությունը: Դե, կիթառահար Տիգրան Սարգսյանին ձգում է նունեեսայանական «երգարվեստը», որի համերգի համար 54 միլիոն չխնայեց, երբ Կառավարության ղեկավարն էր: Իսկ Սարոյանն ո՞վ է, որի տունը ձեռք բերելու համար իրեն հիմա անհանգստություն պատճառեր:

Ի դեպ, 2012-ին նույն Տիգրան Սարգսյանը, ի հեճուկս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ական գործարարներին ոտքի հանեց ու նրանցից մեկին պարտադրեց գնել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը: Այս գործարքին դեմ էր թբիլիսահայ համայնքը: Հավանաբար, մի բան գիտեին, որ դեմ էին: Մինչ օրս Թումանյանի տունն անտեր ու ավերակ վիճակում է: Նախատեսված էր այն դարձնել Հայ մշակույթի կենտրոն, բայց վարչապետ Սարգսյանն իսպառ մոռացավ դրա մասին՝ հանգիստ սպասելով, թե երբ է Թումանյանի տունը վերջնականապես փլուզվելու:

Ինչ վերաբերում է Հրանուշ Հակոբյանին, ապա վերջինս Վիլյամ Սարոյանի տան վաճառքի հետ կապված տեղեկությունն իմանալուց հետո ընդամենը բավարարվեց գործարարներին ուղղված կոչով ու դրանով համարեց իր գործն ավարտված: Մինչդեռ, հենց Սփյուռքի՛ նախարարի խնդիրն էր տան վաճառքի հետ կապված զարգացումները պահել իր ուշադրության կենտրոնում:

Հրանուշ Հակոբյանը պետք է շահագրգռեր կարող ուժերին, որպեսզի վերջիններս ներգրավվեին այս գործում: Բայց ընդգծում ենք՝ ընդամենը մի կեսբերան կոչ արեց, ու մոռացավ իր կոչի մասին: Ինչպես ժամանակին խոստացավ սիրիահայերի համար թաղամաս կառուցել եւ չնայած հատկացված գումարներին՝ այդ խնդիրը մնում է չլուծված. անգամ «ցրցամ չեն տվել»:

Նախարար Հակոբյանը Սփյուռքից 1000-ական դոլարի ներդրումներ անելու կոչ էր անում՝ անհասկանալի նպատակների համար, մինչդեռ կարող էր ընդամենը մեկական դոլար հավաքել, ու Սարոյանի տունը մերը կլիներ: Բայց դե, Հրանուշ Հակոբյանն ի զորու է միայն լուրջ-լուրջ նախապատրաստվել ու պաշտոնապես ընդունել մի շուլլերի՝ վերջինիս համարելով «տիեզերագնաց»:

Շատ կարեւոր է նկատել եւ այն, որ մայիսի 5-ին, երբ Ֆրեզնոյում պետք է տեղի ունենար Սարոյանի տան աճուրդը, Սփյուռքի նախարարը նույն օրը գտնվում էր ԱՄՆ-ում, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էր, ու միասին Եղեռնին նվիրված տարելիցի միջոցառումներին էին մասնակցում, ինչ-որ կոնգրեսականների հետ էին նկարվում, գրադարան ու եկեղեցի էին գնում: Դե, երեւի աչքի պոչով նաեւ հետեւում էին աճուրդին, եւ խոր շունչ քաշեցին՝ իմանալով, որ գնորդն ամերիկացի է: Կարող էր, չէ՞, թուրք լինել:

Ինչպիսի՜ մեծ վտանգ էր սպառնում մեզ, իսկ իրենք իրենց ներկայությամբ կանխել են այդ վտանգը: Դա բավարար էր իրենց հանգիստ զգալու համար: Բայց զավեշտականն այն էր, որ վերադառնալով Հայաստան՝ Հրանուշ Հակոբյանը սկսեց տարածել, թե Սարոյանի տան գնորդը սփյուռքահայ է: Այսինքն, ամեն կերպ ուզում էր բոլորիս համոզել, թե ինչ-որ մեկն, այնուամենայնիվ, իր կոչը բանի տեղ է դրել:

Պակաս ուշագրավ չէ եւ այն փաստը, որ նույն ԱՄՆ-ում ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը մեկ միլիոն դոլար է ծախսում անկարեւոր մի նախագծի վրա («100 կյանք» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում), երբ կարող էր այդ գումարի մի չնչին մասը տրամադրել Սարոյանի տունը ձեռք բերելու համար: Փոխարենը՝ այսօր Նեպալի երկրաշարժի տուժածների համար է ֆինանսական-նյութական օժանդակութուն հատկացնում: Ինչն, իհարկե, նույնպես կարեւոր է, բայց երբ կար Սարոյանի տան հարցը, ապա առաջնահերթությունը պետք է տրվեր այդ խնդրի լուծմանը: Այս հարցում էլ Վարդանյանին շահագրգռելու գործը Սփյուռքի նախարարության խնդիրն էր:

Այսօր էլ Եվրոպայում, Միջին Արեւելքում, Թուրքիայում ստեղծագործած արեւմտահայ հայտնի գրողների բնակարանները ձեռք բերելու եւ դրանք տուն-թանգարան դարձնելու խնդիր կա, եւ այդ խնդիրները լուծելու հարցում թիվ մեկ կուրատորը Սփյուռքի նախարարությունն է, սակայն վերջինս անգամ այդ հեղինակներին չգիտի:

Մնում է կրկին հարցնել՝ ինչի՞ համար է ստեղծվել ու արդեն վեց տարի գործում այս նախարարությունը:

Այսքանից հետո մնում է զարմանալ մշակույթի նախարարի հայտարարության վրա: Այդ նախարարությունն արտերկրում մեր մեծերի տները ձեռք բերելու ռեսուրսներ եւ, ընդհանրապես, նման խնդիրներով զբաղվելու գործառույթ չունի, սակայն օրերս Հասմիկ Պողոսյանը, թերեւս բոլորի «երեսը պարզեցնելու» համար, հույս հայտնեց, թե դեռ ամեն ինչ կորած չէ, թե Սարոյանի տունը գնած ամերիկացին այն կպահպանի որպես տուն-թանգարան:

Ի դեպ, արդեն երկար ժամանակ խոսվում ու գրվում է Կարսում Չարենցի տան վաճառքի մասին: Դե, քանի որ Հայոց ցեղասպանության հռչակագրում հայկական կողմի թունդ պահանջատիրության մասին է մատնանշվում, իսկ Սերժ Սարգսյանն էլ մյուս կողմից տարբեր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը Թուրքիայից որեւէ հողային պահանջ չունի, պետք է մոռանանք նաեւ Չարենցի տունը ձեռք բերելու մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը