Մեկնաբանություն

23.05.2015 00:10


Բաժանի՛ր, որ կռվացնես ու կառավարես (պետության ու քաղաքացու հերն էլ անիծած)

Բաժանի՛ր, որ կռվացնես ու կառավարես (պետության ու քաղաքացու հերն էլ անիծած)

«Տղամարդու խոսքի» մեծ վարպետ Գևորգ Կոստանյանն ԱԺ–ում, կամա թե ակամա, բացահայտեց Բաղրամյան 26–ից իրականացվող քաղաքականության ամբողջ բովանդակությունը։

Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը պետք է փորի քննչական կոմիտեի տակ, քննչական կոմիտեն՝ ոստիկանության, ոստիկանությունը՝ դատախազության, քննչական կոմիտեն՝ դատախազության, և այսպես շարունակ։

Այսինքն, խնդիր է դրված իրավապահ մարմիններին իրար դեմ «քսի տալ», կռվացնել ու կառավարել։ Իրավապահների հիմնական գործը ոչ թե քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, այլ իրար դեմ «մուտիլովկաներ անելն» ու «վերևին» գործ տալը։ Այդպիսով ձևավորվում է յուրօրինակ «Բերմուդյան եռանկյունի», որի մեջ հայտնված քաղաքացին ու նրա օրինական շահերի պաշտպանությունն ամենավերջին տեղում են հայտնվում։ Կարևորն այն է, որ շեֆը տեսնի, որ բոլորը բոլորի դեմ են կռվում, ու դրանից ելնելով՝ ինքը հանգիստ զգա։

Իրավապահ «եռյակից» յուրաքանչյուրի խնդիրը դարձել է «շառից ու փորձանքից հեռու» տարբերակով աշխատելն ու աղմկահարույց գործերը միմյանց վրա գցելը։

Ի դեպ, «իրար տակ փորելու» հարցում հատկապես աչքի է ընկնում Կոստանյանը, ով շատ լավ հասկացել է, թե որն է իր հիմնական գործառույթը։

Ճիշտ է, Կոստանյանը դեմքի լուրջ արտահայտությամբ լրագրողներին հավաստիացնում է, որ ինքը դատի կտա բոլոր օրինախախտներին, բայց դե, ինքն էլ գիտի, որ գործում է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հայտնի պերսոնաժի պես, ով սիրում էր ասել, որ իր տղամարդու խոսքը կասի միայն ... կնոջ վերադարձից հետո (գյումրեցիները Կոստանյանի պահով մեկ այլ օրինակ են բերում, ինչը, սակայն, չենք կարող ներկայացնել)։

Եվ այսպես, ՀՀ դատախազություն–քննչական կոմիտե–ոստիկանություն եռանկյան մեջ հետին պլան է մղվում ՀՀ քաղաքացու պաշպանության հարցը։ Դրա համար էլ, օրինակ, Լիսկայի որդուն «փնտրում» ու չեն գտնում, իսկ ահա նույն Լիսկայի ավտոմեքենայի վնասման գործը քննում են մեծ արագությամբ։ Բաղրամյան 26–ից իջեցված հրահանգն է այդպիսին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը