Մեկնաբանություն

13.06.2015 00:50


«Արևմտամետների» սիրելի Լուկաշենկոն և Բաքվի օլիմպիադան

«Արևմտամետների» սիրելի Լուկաշենկոն և Բաքվի օլիմպիադան

Հենց որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն փորձում է Արևմուտք–Ռուսաստան հակամարտության արանքում էժանագին դիվիդենտներ հավաքել ու որևէ թթու խոսք ասել Պուտինի հասցեին, Հայաստանի «արևմտամետները», որոնք իրենց սիրում են ներկայացնել որպես ժողովրդավարական, ազատական ու քաղաքացիական արժեքների կրողներ, միանգամից գովասանքի խոսքեր են հասցեագրում Եվրոպայի վերջին բռնապետի հասցեին։

Կարող ենք արձանագրել, որ տնաբույծ «արևմտամետների» համար Հայաստանն ու Հայաստանի շահերը գոյություն չունեն, քանզի նրանք միայն «գլոբալ» բաների մեջ են մտնում։

Հայաստանն «արևմտամետների» համար մի տարածք է, որը պետք է մատաղացու գառան կարգավիճակով դրվի համաշխարհային հակամարտությունների զոհասեղանին։ Սա, իհարկե, «արևմտամետների» գաղափարական «ատմազկան» է։

Իրականությունը շատ ավելի ճղճիմ է։ «Գեբելսյան» քարոզչամեքենան, որը մինչև ականջները սիրահարված է «դիշովկա» Լուկաշենկոյին, ՌԴ–ին ու Պուտինին է մեղադրում ՀՀ–ում առկա բոլոր խնդիրների համար, որպեսզի կարողանա այդպիսի տեխնոլոգիայի օգնությամբ փրկել իր պատվիրատուին՝ Սերժ Սարգսյանին (Սերժն ի՞նչ մեղավոր է. «սաղ» ռուսներն են որոշում և չար Պուտինը)։ Թե քանի ոչխարի կկարողանան կերակրել այդ տեխնոլոգիայով, արդեն այլ քննարկման հարց է։

Նման տեխնոլոգիայի շրջանակներում բնական է, որ «արևմտամետները» պետք է սիրեն Բելառուսի նախագահին։ Ու ոչինչ, որ այդ «դիշովկան» Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցի կապակցությամբ չեկավ Երևան, ու չհարգեց հայ ժողովրդին։

Լուկաշենկոն այս տարվա մայիսին անգամ չմասնակցեց Մոսկվայում տեղի ունեցած զորահանդեսին, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70–ամյակին (այս հանգամանքը պարզապես էքստազի մեջ է գցել հայ «արևմտամետներին»՝ «սութի գլոբալիստներին»)։

Ուշագրավն այն է, որ Լուկաշենկոն, որի ղեկավարած երկիրը գոնե ֆորմալ առումով ՀՀ–ի ու ՌԴ–ի քաղաքական, տնտեսական ու ռազմական գործընկերն է, չի գալիս Երևան, ու մայիսի 9–ին չի մնում Մոսկվայում, բայց հաճույքով մասնակցում է Բաքվում Եվրոպական առաջին օլիմպիական խաղերի բացմանը։

Լուկաշենկոյի նման պահվածը, անշո՛ւշտ, չի պակասեցնի «արևմտամետների» սերն առ Եվրոպայի վերջին բռնապետ, քանզի հանուն էժանագին խաղերի՝ կարելի է անգամ ընդգծված հակահայկական դիրքորոշում ունեցող «Լուկաշենկոյի վկա» դառնալ։

Գևորգ Գևորգյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության շնորհիվ Հայաստանին ու հայ ժողովրդին արհամարհում է անգամ այնպիսի մարազմատիկ գործիչ, ինչպիսին Լուկաշենկոն է։ Ինչպես ասում են՝ «և՛, ... և՛»։

Այս խորագրի վերջին նյութերը