Տնտեսական

24.06.2015 16:52


Սևանա լիճ արտահերթ բաց է թողնվել 43 հազար մանրաձուկ

Սևանա լիճ արտահերթ բաց է թողնվել 43 հազար մանրաձուկ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի/40 հազար հատ/, և Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից /3 հազար հատ/ մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մինչև 30 գրամ կշռող մանրաձուկ: Բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը և այլ կազմակերպությունների ու հարակից համայնքների ներկայացուցիչներ:

Բնապահպանության նախարարն ևս մեկ անգամ դիմել է ազգաբնակչությանը, որպեսզի Բնապահպանության նախարարության կողմից հաստատվող Սևանում որսի արգելքի ժամանակահատվածում` ձկան ձվադրման ժամանակ, զերծ մնա ձկնագողությունից, որպեսզի հետագայում հնարավոր լինի խոսել արդյունագործական որսի մասին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, խոսելով ծրագրի սոցիալական բաղադրիչի մասին, հայտնել է, որ այն թույլ կտա մարզում ստեղծել շուրջ 5 հազար աշխատատեղ:

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը հայտնել է, որ Սևանում իրականացվելու են ոչ միայն ձկան բացթողնման, այլ նաև բնապահպանական այլ ծրագրեր: Մասնավորապես` կատարվելու են գետերի հուների մաքրոման աշխատանքներ, որպեսզի ձուկը կարողանա բնականոն ձևով ձվադրել ու վերարտադրվել, ինչպես նաև Սևանում կառուցվելու են մաքրման կայաններ:

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն:

Բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը