Մեկնաբանություն

25.06.2015 03:30


Հզոր ցնցումնե՞ր, թե՞ հզոր Հայաստան

Հզոր ցնցումնե՞ր, թե՞ հզոր Հայաստան

Հայաստանում առկա բոլոր խնդիրների պատճառը Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի վարած ներքին և արտաքին քաղաքականությունն է։ Դրսում պատճառներ փնտրողները լավագույն դեպքում միամիտներ են։

Խնդիր է դրված «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։ Իսկ դա հնարավոր չէ առանց սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու քաղաքական դաշտի անապատացման։ Հենց այդ քաղաքականությունն էլ վարվում է։ Արդյունքները տեսանելի են բոլորին։ Արդյունքներն այնպիսին են, որ անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարողանում դրանք թաքցնել։

Բաղրամյան 26–ում փորձում են կենտրոնացնել բիզնեսի բոլոր ոլորտները։ Նախագահական նստավայրը վերածվել է բիզնես կանտորայի, որտեղ որոշվում են այս կամ այն ոլորտի քվոտաները, վերցվելիք «ատկատները», սեփականության խլման մեխանիզմները, էլեկտրաէներգիայի սակագինը և այլն։

Պատահական չէ, որ Հայաստանի տնտեսական անկման, ՀՀ քաղաքացիների աղքատացման, բիզնես մթնոլորտի վատացման և այլ բացասական երևույթների համապատկերին եկամուտների աճ է արձանագրվում ՀՀԿ ղեկավարի ու իր մերձավորների մոտ։ Որքան շատանում է արտագաղթն, ու ավելանում ՀՀ արտաքին պարտքը, այնքան սրանց գործերը լավանում են։

Շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ իշխանության վերին օղակի եկամուտներն աճում են Հայաստանի թուլացման և աղքատության աճի հաշվին։

Հասկանալի է նաև, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Ժողովրդական լեզվով ասած՝ կապը որտեղ բարակ է, այնտեղ էլ մի օր կտրվելու է։ Բաղրամյան պողոտայում օրերս տեղի ունեցածն այդ կտրվելու պահի համեմատ մանկական չարաճճիություն կարող է թվալ, եթե քաղաքական ու տնտեսական խնդիրները խորանան, ու պահանջեն բացառապես լուրջ վիրահատական միջամտություններ։

Եվ ուրեմն, սրանք կարող են մնալ միայն հզոր ցնցումներով (այսինքն, այնպես, ինչպես եկել են), իսկ հայ ժողովրդին այդպիսի ցնցումներ պետք չեն։ Մեզ պետք է հզոր Հայաստան, իսկ դրա կարևորագույն նախապայմանը հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով իշխանափոխությունն է և նոր մտածողությամբ քաղաքական նոր իշխանության ձևավորումը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը