Մեկնաբանություն

26.06.2015 03:35


Չեմ հասկանում

Չեմ հասկանում

Որքան հիշում եմ՝ Զադորնովն ունի նման վերնագրով երգիծական պատում՝ «Չեմ հասկանում»: Ես էլ հիմա չեմ հասկանում, թե ոնց կարող են մեր մՈտովորականներն ու շոու-բիզի ներկայացուցիչներն «անսպասելիորեն» քնից արթնանալ միայն երկու տարին մեկ անգամ, ու վազել փողոց կամ հակաիշխանական հայտարարություններ անել:

Այդ երկու տարվա ընթացքում հազար ու մի բան է տեղի ունեցել ընդդեմ ժողովրդի, բայց նրանցից ծպտուն դուրս չի եկել, եւ ոչ էլ նրանց տեսել ենք փողոցում՝ ժողովրդի կողքին: Բայց երբ հանկարծ ի հայտ են գալիս քաղաքացիական նախաձեռնություններ, նրանք, «կակ շտիկ», տեղում են, ու գրեթե նույն «խոռով» երգում են իշխանության կատարած հերթական հակաժողովրդական քայլի դեմ: Չե՛մ հասկանում:

Վերջին անգամ նրանց տեսանք 2013-ի հուլիսի կեսերին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաների ժամանակ: Հիմա էլ, մասնակի փոփոխություններով, նույն կազմը փողոցում է կամ լրատվամիջոցներում խիզախաբար քննադատում է իշխանություններին հոսանքի գնի թանկացման համար: Սպանեք էլ՝ չեմ հասկանա սրանց վարքագիծը:

Այս մարդիկ հաղորդումներ են վարում իշխանական հեռուստաընկերություններում, պաշտոն ու դիրք ունեն, սրանց երգիծական ծրագրերն են եթեր հեռարձակվում: Սակայն երկու տարին մեկ անգամ թունդ հակաիշխանական «պրիպատկաներ» ցուցադրելուց հետո սրանց չեն հեռացնում պաշտոններից եւ ոչ էլ զրկում են եթերից: Իսկապես, չեմ հասկանում:

Թեպետ, շատ էլ լավ հասկանում եմ, թե որ կենտրոնից է հրահանգվում սրանց ակտիվանալ, ազատորեն քննադատել իշխանություններին ու վազել «դեպքի վայր»:

Սրանք էլ, այսպես կոչված, մշակութային թեքումով «հատուկջոկատայիններն» են, որոնց պահում ու «սուբսիդավորում» է Բաղրամյան 26-ը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը