Լրահոս

29.06.2015 08:10


Բաղրամյան պողոտայում առավոտը լարված է բացվել (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայում առավոտը լարված է բացվել (ուղիղ միացում, լրացված)

Այս գիշեր Բաղրամյան պողոտայում բազմաթիվ քաղաքացիներ են նստացույց իրականացրել, թեև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, թե մարդկանց թիվն այնքան շատ չէր, որ մտափոխվեին նրանց ցրելու հարցրում։ Իսկ թե որն էր պատճառը, որ ոստիկանությունը, ինչպես և խոստացել էր, հատուկ գործողություն չիրականացրեց նախօրեին՝ 23։00–ին, Օսիպյանը նշել է. «Փորձում ենք բացատրել»։

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա է այցելել նաև մի քաղաքացի, ով Վ. Օսիպյանին պատմել է, որ նախօրեին՝ 23:00–ին, Ազատության հրապարակին հարակից ցայտաղբյուրի մոտից իրեն բերման են ենթարկել ոստիկանություն։

–18 հազար դրամ ինձանից գողացել են ոստիկանական մեքենայի մեջ։ Ոստիկանը մոտեցավ ինձ, ասեց՝ կարո՞ղ ենք զրուցել, խաբելով տարան ոստիկանական մեքենայի մոտ ու բրդբդրելով մտցրեցին մեքենան։ Տարել են, արձանագրություն չեն կազմել, ու իմ տվյալներով՝ հինգ հոգի ևս էնտեղ ապօրինի պահվում են։ Ես բան չէի արել, տարան։ Մեքենայի մեջ փողերս թափվեցին, կեսը հավաքեցի, կեսը չթողեցին։ Առավոտ նոր ինձ բաց են թողել, հիմա գնում եմ ոստիկանություն՝ գողության մասին դիմում գրեմ,–ասել է այդ քաղաքացին։

Այնուհետև Բաղրամյան պողոտայում հանրային քննարկում է անցկացվել՝ որոշելու հետագա անելիքները։ Ցուցարարներից ոմանք նշել են, որ բողոքի այս գործողությունը չպետք է անցնի որոշ քաղաքական ուժերի տակ։

–Ներվերի համբերության պայքար է. պետք է համախմբվենք, համբերությամբ զինվենք ու շարժվենք առաջ,–հավելել է մյուսը։

Քիչ առաջ էլ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայում քննչական գործողություններ պետք է իրականացնի Քննչական կոմիտեն։ Իսկ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը նշել է, որ հարուցվել է քրեական գործ՝ գույքի դիտավորյալ վնասման, ոչնչացման հոդվածով։

–Առգրավման են ենթակա «Սանիտեք» ընկերությանը պատկանող աղբամանները։ Հարուցված քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա,–նշել է նա։

Ցուցարարներն այդ որոշումը սուլոցներով են ընդունել և բարիկադների վերածված աղբամանների վրա են բարձրացել՝ թույլ չտալու, որ դրանք առգրավեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղրամյան պողոտայի հարթակը պառակտվեց. միայն փոքրաթիվ մարդիկ լքեցին նստացույցի վայրը ու գնացին Ազատության հրապարակ։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ հայտարարել է, որ Ազատության հրապարակում է լույսը, իսկ Բաղրամյանում մնացել է միայն պայքարի շունչը, և ինքն իր գլխով է պատասխանատու Ազատության հրապարակում գտնվող յուրաքանչյուրի համար։

***

Ցուցարարները շարունակում են նստած մնալ բարիկադների վրա։ Ոստիկանությունը դեռ որևէ գործողության չի դիմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը