Մեկնաբանություն

03.07.2015 20:58


Ինչու է պետք քաղաքականացնել պայքարը, և ինչ է դա նշանակում

Ինչու է պետք քաղաքականացնել պայքարը, և ինչ է դա նշանակում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը չքաղականացնելու կոչեր են հնչում։ Մարդկանց մի փոքրիկ մասը դա անում է Բաղրամյան 26–ից ուղղորդված, իսկ մյուս մասը՝ անկեղծորեն։

Մեզ ուղղորդվածները տվյալ դեպքում չեն հետաքրքրում։ Դրանք կա՛մ բացահայտված են, կա՛մ ժամանակի ընթացքում կբացահայտվեն։

Ինչ վերաբերում է չքաղաքականացման մյուս կողմնակիցներին, ապա պետք է հասկանալ, թե ով ինչ նկատի ունի «չքաղաքականացնել» ասելով, և ինչու է այդպիսի դիրքորոշում ցուցաբերում։

Տառապանքն ու փորձը

ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 24 տարվա անկախության ընթացքում որոշակի քաղաքական փորձ է ձեռք բերել։ Նա տեսել է, որ ոչիշխանական կամ ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական գործիչները կա՛մ պարտվում են ու գնում տուն, կա՛մ գնում են «կենդանի պատում» փիառվելու, կա՛մ թունդ ընդդիմադիր հռետորաբանություն են կիրառում ու վերջում դառնում Գեղամյան, կա՛մ պայքարի ճակատագրական պահին լքում են առաջին գիծը։

Ի՞նչ ունենք այս պահին

Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո վարկաբեկվել է ամբողջ քաղաքական դաշտը։ Իշխանական հատվածը վարկաբեկված էր «էն գլխից», դե իսկ ընդդիմադիրը կամ ոչիշխանականը վերջնականապես շարքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի հեռացմամբ։

Հիմա քաղաքական դաշտում անապատային վիճակ է։

Այս ամենի արդյունքում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ օբյեկտիվորեն հակակրանք է առաջացել գործող կուսակցությունների նկատմամբ։ Ու երբ մարդիկ, այդ թվում՝ Բաղրամյան 1-ում պայքարի ելած երիտասարդները (խոսքս չի վերաբերում մի քանի երիտդհոլի), հայտարարում են, թե չեն ուզում քաղաքականացնել պայքարը, ըստ էության, նկատի ունեն պայքարի չկուսակցականացումը։ Այդ առումով նրանց հետ դժվար է չհամաձայնելը։

Այո՛, այս պայքարի կուսակցականացում թույլ տալ չի կարելի, քանզի կրկնեմ՝ մեզանում կուսակցություններն ունեն գրեթե զրոյական վարկանիշ, ու նրանց հանրային վստահության պաշարն ավելին չէ, քան ՀՀԿ–ինը և Սերժ Սարգսյանինը։

Այո՛ քաղաքականացմանը

Սակագնի դեմ պայքարը պետք չէ կուսակցականացնել, բայց քաղաքականացնել անհրաժեշտ է։ Քանզի առանց քաղաքականացման անհնար է զուտ քաղաքացիական շարժման միջոցով հասնել Հայաստանում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի նոր սակագնի չեղարկմանը)։

Երիտասարդներն, անշո՛ւշտ, դրական գործառույթ են կատարել՝ անապատային միջավայրում պայքարի ալիք բարձրացնելով, բայց առարկայական արդյունքի հասնելու համար քաղաքական սուբյեկտ պետք է լինի։

Հիմա կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում ինչպե՞ս վարվել։ Մի կողմից պնդում ենք, որ առանց հարցի քաղաքականացման՝ հնարավոր չէ արդյունքի հասնել, բայց մյուս կողմից էլ համաձայնում ենք այն տեսակետին, որ այսօր քաղաքական սուբյեկտ հանդիսացող այն ուժը չկա, որը կարողանա կոնսոլիդացնել հանրությանն ու քաղաքական պայքարի միջոցով հասնել հաջողության։

Պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ, որը կհամախմբի տարբեր քաղաքական ուժերում առկա բոլոր առողջ գործիչներին, քաղաքացիական շարժումներին, ու կհասնի համակարգային փոփոխությունների՝ ներառյալ իշխանափոխության։

Այնպես որ, այո՛ քաղաքականացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը