Լրահոս

04.07.2015 20:29


Արա Բուդաղյանը հերքում է իր առնչությունը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին

Արա Բուդաղյանը հերքում է իր առնչությունը Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով որպես կասկածյալ ձերբակալված Արա Բուդաղյանը այսօր հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ որևէ առնչություն չունի մահափորձի հետ և ոչ մեկին չի դրդել դրա իրագործմանը։

Ազգային անվտանգության ծառայությունը Բուդաղյանին ձերբակալել է երեկ, սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանին միայն այսօր է հաջողվել հանդիպել իր պաշտպանյալին:

«Ինչ-որ մարդկանց իբր թե դրդել է այդ գործողություններին։ Բայց այդ փաստաթղթի մեջ ոչ երևում է՝ ո՞ւմ է դրդել այդ գործողություններին, ոչ երևում է՝ ի՞նչ կերպ է դրդել, ե՞րբ է դրդել, ինչի՞ համար է դրդել և այլն։ Լրիվ անորոշ կասկածանք է»,- ասաց Ալումյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»–ը։

Հարցին, թե Արա Բուդաղյանը ճանաչո՞ւմ է մյուս ձերբակալվածներին, պաշտպանը պատասխանեց. «Գորիսը փոքր քաղաք է, սա է իմ պատասխանը»։

Հայկ Ալումյանը հայտարարում է՝ Բուդաղյանների ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Նա հիշեցնում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, երբ մարզպետի որդու ու թիկնապահի հետ բախումների հետևանքով սպանվեց Ավետիք Բուդաղյանը, մյուս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, հայտնվեց ամբաստանյալի աթոռին այն դեպքում, երբ նրա ու նրա եղբոր ուղղությամբ կրակոցներ արձակած մարզպետի որդին ու թիկնապահը արդարացվեցին՝ ինքնապաշտպանության հիմնավորմամբ: Այժմ էլ ընկել են ընտանիքի մյուս որդու՝ Արա Բուդաղյանի հետևից, հավելում է պաշտպանը։

«Իհարկե, հետապնդվում է, դա ես կարող եմ ասել, մի հատ էլ տակը ստորագրել։ Նույն Արտակ Բուդաղյանին ինչո՞ւ են էսօր մեղավոր ճանաչել, զուտ որպեսզի մի դատավճիռ ունենան, որ տեսեք՝ Արտակ Բուդաղյանը կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ է տվել, որպեսզի արդարացնեն նրանց կրակոցները Ավետիք Բուդաղյանի վրա։ Էսօր Ավետիք Բուդաղյանին՝ մահացած մարդուն, քննիչի որոշմամբ մեղավոր են ճանաչել սպանության փորձի մեջ, որպեսզի արդարացնեն նրան սպանելը։ Հիմա էլ տեսնում են՝ մենք Արա Բուդաղյանի, Էմիլ Բուդաղյանի հետ միասին ինչ կոշտ պայքարի մեջ ենք մտել, կարիք է առաջացել այդ պայքարի ողնաշարը կոտրելու։ Չի ստացվելու»,- ասաց Ալումյանը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը